ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է, որ փետրվարի 25-ին՝ Մոսկվայի ժամանակով 11:00-ից, Ռուսաստանն արգելում է Միացյալ Թագավորության հետ կապված կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձին պատկանող, վարձակալված կամ շահագործվող ինքնաթիռների ժամանումն ու տարանցումը։
Մոսկվան այսպիսով դիմել է փոխադարձ սահմանափակման, քանի որ փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնը դադարեցնում է «Աերոֆլոտի» գործունեությունը Մեծ Բրիտանիայում։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել երկրների միջեւ թռիչքների վերաբերյալ, բայց բացասական պատասխան է ստացել։
Արգելքը չի վերաբերում միայն տվյալ պահին ՌԴ օդային տարածքում գտնվող բրիտանական ինքնաթիռներին։ Դրանք կկարողանան անարգել հասնել իրենց նպատակակետը։ Սահմանափակումները կտարածվեն միայն հետագա թռիչքների վրա։
Բրիտանական ավիաընկերությունները փետրվարի 25-ին 70 տարանցիկ եւ Լոնդոն-Մոսկվա 2 չվերթ էին ծրագրել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով։