Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Ըստ ռուսական kommersant-ի՝ նախարարը նշել է, որ Ուկրաինայի ղեկավարը բաց է թողել անվտանգության շուրջ բանակցությունների հնարավորությունը։
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը կբանակցի, երբ ուկրաինական զինված ուժերը վայր դնեն զենքերը: Նա հավելել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի ներկա իշխանությունը ժողովրդավարական չի համարում։
«Ռուսաստանը կապահովի Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնականացումը: Մենք չափազանց շատ ենք տուժել նացիզմից, ուկրաինացի ժողովուրդն էլ է տուժել, որպեսզի աչք փակենք այս ամենի վրա եւ անլուրջ մոտենանք հարցին»,- ընդգծել է Լավրովը։
Ավելի վաղ փորձելով վերծանել «ապաազգայնականացում» բառը՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե դա «Ուկրաինան ազգայնականներից, ազգայնական տրամադրվածություն ունեցող մարդկանցից եւ գաղափարախոսությունից ազատագրելու ծրագիրն է, ինչպես նաեւ Կիեւի ռազմական ներուժի չեզոքացումը»։