ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ փետրվարի 22-ին ստորագրված հռչակագիրը որեւէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար։ Նա ասել է, որ Մոսկվան կատարելու է իր հին եւ մոտ դաշնակից Երեւանի հանդեպ բոլոր պարտավորությունները։
«Մեր համոզմամբ` Բաքվի հետ ստորագրված հռչակագրի շնորհիվ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ փոխգործակցությունը կամրապնդվի»,- շեշտել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները՝ Ռուսաստանը մշտապես թարմացնում է Հայաստանի հետ իր երկկողմ պայմանագրային ու իրավական բազան, որը ներկայում մոտ 200 փաստաթղթից է բաղկացած։
Իսկ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրն, ըստ դիվանագետի, նպաստելու է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
Ըստ Զախարովայի` հռչակագրի 10-րդ կետում ամրագրված է, որ կողմերը փոխգործակցելու են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող խնդիրների լուծման հարցում եւ սերտ համագործակցելու են տարածաշրջանի պետությունների միջեւ երկարատեւ խաղաղություն հաստատելու հարցում։