ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ ազգայնական տարրերն Ուկրաինայում հրահրում են ուկրաինացի զինվորականներին ու հանդես են գալիս իբրեւ պատնեշային ջոկատներ:
Ըստ Պուտինի՝ Ուկրաինայում բանդերականներն ու նեոնացիստները ծանր սպառազինություն են տեղակայում, այդ թվում համազարկային կրակի համակարգեր, խոշոր քաղաքների կենտրոնական շրջաններում:
«Թույլ մի՛ տվեք բանդերականներին եւ նեոնացիստներին ձեր երեխաներին, կանանց եւ ծերերին որպես կենդանի վահան օգտագործել։ Իշխանությունը ձեր ձե՛ռքը վերցրեք, ըստ իս՝ մեզ համար ձեզ հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվել»,- ասել է ՌԴ նախագահը եւ հավելել, որ «նեոնացիստների հրոսակախմբի» հետ մտադիր չէ պայմանավորվելու։
Պուտինը շեշտել է նաեւ, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին մասնակցում են օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկացի խորհրդականները: