Քառասունչորսօրյա պատերազմի մասնակիցը վկայում է, որ Թալիշի իշխող բարձունքի համար մարտը տեւել է մեկ ժամ քսան րոպե։ Դիրքում եղել է ինը զինվոր, թշնամին հարձակվել է ինը տանկով։
Դա մերկ, անողոք, անառարկելի ճշմարտություն է․ սեպտեմբերի 27-ի կեսօրին ես գիտեի, որ Թալիշը գրավված է։ Ամիսներ անց ինձ վրա բռնանալով՝ դիտեցի կադրեր, թե թշնամու զինվորներն ինչպես են խրախճանում Թալիշի տներում, որ ապրիլյան քառօրյայից հետո կառուցվել էին պետական միջոցներով։ Եվ հիշեցի Արցախի իշխանությունների, նրանց մերձավոր շրջապատի հանրային-մշակութային գործիչների, լրագրողների թալիշյան շրջայցերը։
Ի՞նչ էր դա։ Գյուղը առավոտները դիմավորում էր դիմահայաց բարձունքին ադրբեջանական դրոշի փողփողումների տակ, իսկ այնտեղ երկու-երեք տասնյակ միլիոն դրամ արժեցող առանձնատներ էին կառուցում, փողոց ասֆալտապատում, մայթեր սալարկում։
Որ ի՞նչ։ Առանձին վերցրած մի գյուղում եվրոպական բարեկեցությո՞ւն էին ստեղծում։ (Ընդ որում, շատ տներ այդպես էլ մնացին դատարկ, քառօրյայից հետո Թալիշից հեռացածների մեծ մասը չի վերադարձել, տնավորվել է Չարենցավանում, Արզնիում, Բյուրեղավանում կամ միանգամից հեռացել Ռուսաստան)։
Ինչո՞ւ Թալիշի բարձունքի դիրքում սեպտեմբերի 27-ին ինը զինվոր է եղել՝ զորամասի հրամանատարը կպատասխանի։ (Եթե նրան հայտնաբերեն եւ քննության ենթարկեն): Բայց Թալիշի ուղղությամբ ամրաշինական աշխատանքներ կատարելու փոխարեն եվրոպական ոճի առանձնատների կառուցման համար ո՞վ է պատասխանատու։ Հաստատ՝ ոչ զորամասի կամ դիվիզիայի կամ նույնիսկ պաշտպանության բանակի հրամանատարը։ Այդ շքեղության եւ մեր զորքերի խրամատային թշվառության պատասխանատուն քաղաքական ղեկավարությունն է՝ Արցախում եւ Հայաստանում։
Պատասխանատու ենք բոլորս, որ հրճվանքից հալվող ձայնով փառաբանել ենք Թալիշի «եվրոպականացումը»։
Նույնը՝ Արաքսավանի դեպքում, որ «այցեքարտ» էր, մի տեսակ՝ «սրբատեղի», որտեղ իրենց պարտքն էին համարում ոտք դնել Արցախ այցի եկող հայաստանյան քաղաքական, բիզնես էլիտայի գրեթե բոլոր հայտնի դեմքերը։
Որքա՞ն գումար է ծախսվել այդ «արքայական զբոսավայրի» վրա՝ ոչ ոք չգիտի։ Հարցնես՝ չեն ասի։ Լավագույն դեպքում կպատասխանեն՝ «պետական գաղտնիք» է։ (Իսկ արաքսավանյան շոուների, Դիզափայտի բարձունքներին կեսգիշերային խրախճանքների նկարահանումն ու հեռարձակումը պետական գաղտնիքի հրապարակայնացում չէ՞ր, Ադրբեջանին նետած քարոզչատեղեկատվական մարտահրավեր չէ՞ր)։
Թալիշից՝ Արաքսավան այդ «օրգիաներն» ո՞ւմ էին պետք։ Արցախի մարդկա՞նց։ Բայց չէ՞ որ նրանք տեսնում էին, որ թալիշցիներից շատ քչերն են այդ շքեղ առանձնատներում ապրում։ Չէ՞ որ հադրութցիները զրկված էին Արաքսից մի ձուկ որսալու իրավունքից։ Նրանց Արաքսավան պետք չէր, պապենական իրենց հողերը մի կերպ էին հասցնում հերկել-ցանել-հնձել։ Թալիշի «եվրոպականացումը» եւ «Արաքսի հովտի յուրացման ծրագիրը» քարոզչություն էր, որի շահառուն իշխանությունը եւ նրա հովանավորյալ բիզնես շրջանակներն էին։
Հիմա հարց է առաջանում․ քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը բացատրություն պիտի ստանա՞, թե ապրիլյան քառօրյայից հետո ինչու Թալիշում եւ Արաքսավանում ժամանակակից պատերազմի պահանջներով ամրաշինական կառույցներ չեն ստեղծվել։ «Դա քաղաքական պատվեր է»,- նման հարցադրումների մասին աղաղակում է ընդդիմությունը։ «Պատասխանատվությունը բարդում են բանակի վրա»,- գրում են։ Հետաքրքիր է, իսկ պատերազմում պարտության համար ո՞վ է պատասխանատու, եթե ոչ բանակը։ (Շարքային զինվորի կամ կրտսեր հրամանատարի մասին չէ խոսքը, այլ ՊԲ հրամանատարության, ԶՈՒ Գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության)։
Իհարկե, առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց պատերազմը մեկ-երկու տարում չի հասունացել։
Քաղաքական իմաստով պատերազմը սկսվել է 2011 թվականին՝ հայ-թուրքական արձանագրությունների եւ Կազանի փաստաթղթի ձախողումից հետո։ Հենց այդ տարում է Թուրքիան Ադրբեջանի հետ ռազմական խորացված համագործակցության պայմանագիր կնքել, որից երկու տարի անց՝ 2013-ի տարեվերջին, կազմավորվել է Նախիջեւանի առանձին համազորային բանակը, եւ Երեւանը վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի։
Ապրիլյան քառօրյան մեծ պատերազմի նախերգանքն էր, ընդ որում՝ հենց այն ուղղություններով, որտեղ սեպտեմբերի 27-ին թշնամին իրականացրել է առաջին ճեղքումները՝ Թալիշ-Մատաղիս եւ Արաքսավան-Ջեբրայիլ։
Փակագծերը պետք է բացվեն ամբողջությամբ, կամ ոչ մի քննիչ հանձնաժողով էլ պետք չէ։ Արդեն իսկ ակնարկներ են լսվում, որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակայնացվի։ Ի՞նչ պետական գաղտնիք՝ պարտությունից հետո։
Հանրությունը, հայ ժողովուրդը պետք է հստակ իմանա, թե երբ, որտեղ, ինչու, ինչում է թերացել Հայաստանի եւ Արցախի իշխանությունը, քաղաքական եւ ռազմական վերնախավը։ Եվ բոլոր մեղավորները ենթակա են պատասխանատվության։ Այլապես ի՞նչ իմաստ ունի քննիչ հանձնաժողովը։ Դա ճշմարտության բացահայտման ատյան պիտի լինի, ոչ թե իրականությունը քաղաքական նպատակահարմարությամբ շրջափոխող «տպիչ»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։