Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատմության մեջ ամենախիստ փաթեթը:
Նեհամերը հավելել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ցավոտ կլինեն Եվրամիության համար: Պատժամիջոցները կանդրադառնան նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի եւ արտգործնախարարի մուտքը Եվրամիություն չի փակվի:
Կուլեբան կոչ է արել անջատելու ՌԴ-ին SWIFT-ից
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմաս Հայասիի հետ զրույցում կոչ է արել անջատելու ՌԴ-ին SWIFT-ից:
«Շնորհակալ եմ Ճապոնիայից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու եւ Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու համար: SWIFT-ում Ռուսաստանի ներկայության արգելքը խիստ անհրաժեշտ է, եւ դա նաեւ կծառայի Ճապոնիայի շահերին: Մենք նաեւ միջոցներ ենք ձեռնարկում Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- գրել է Կուլեբան:
Տեղեկանք
1973-ին Բրյուսելում հիմնադրված Society for Worldwide Interbank Financial Telecommunication-ը (SWIFT) ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին միասնական ֆինանսական գործարքների մասին անվտանգ, ստանդարտացված եւ հուսալի միջավայրում տեղեկություն ուղարկելու եւ ստանալու, տվյալների մշակման համակարգ ստեղծելու հնարավորություն ընձեռող ցանց է, որը կարճ ժամանակում աջակցություն է ստացել 15 երկրների 239 բանկերից: 1975-ին ստեղծվել են հիմնարար գործառնական ընթացակարգեր, պատասխանատվության կանոններ եւ այլն:
SWIFT-ը ֆինանսական հաղորդագրությունները փոխանցում է բացարձակ անվտանգ կերպով, թեեւ իր անդամների համար չունի հաշվեհամարներ եւ չի կատարում որեւէ հաշվարկ կամ քլիրինգ (բանկային անկանխիկ հաշվարկների համակարգ` փոխադարձ պահանջների եւ պարտավորությունների հաշվառման ճանապարհով)։ Միջազգային միջբանկային հաղորդագրությունների մեծամասնությունն օգտագործում է SWIFT ցանցը։