Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմից հայտնել են, որ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից արդեն երկու օր է, ինչ ադրբեջանցիները գրական հայերենով պահանջում են լքել գյուղը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում բնակիչների նկատմամբ ուժ կկիրառվի։ Ադրբեջանցիները նաեւ սպառնացել են, որ կորուստների համար պատասխանատվությունն ընկնելու է հայկական կողմի վրա։
Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմի անդամներից մեկն ասել է, որ 2 օր շարունակ ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղն ադրբեջանական տարածք է, եւ տեղի բնակիչները պետք է լքեն այն։
Աշխատակիցը հավելել է, որ գյուղի բնակիչներից որեւէ մեկը մտադիր չէ գյուղը լքելու, նրանք սադրանքների չեն տրվում եւ գիտեն, որ ադրբեջանցիների նպատակը խրամորթցիներին ահաբեկելն է։
Համացանցում տարածված ձայնագրությունում լսվում է խրամորթցիներին հայերեն դիմող ադրբեջանցիների ձայնը. «Անհապաղ հեռացե՛ք տարածքից, մի՛ վտանգեք ձեր եւ ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքե՛ք տարածքը, դուք Ադրբեջանի Հանրապետության տարածքում եք։ Այստեղ ցանկացած գործունեություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով»:
Ասկերանի վարչական շրջանի ղեկավար Համլետ Ապրեսյանը Խրամորթ է գնացել, որտեղ նաեւ 12 տեղահանված ընտանիք է ապաստանել։ Ռուս խաղաղապահները նույնպես տեղեկացված են դեպքին։