Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը հայտնել է, որ Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։
«Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն, ըստ էության, խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։ Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թադեւոսյանը։
Նա ընդգծել է, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքելու մտադրություն չունի։ Ավելին, տեղաբնակների կողքին ապրում են նաեւ այլ բնակավայրերից տեղահանված եւս 12 ընտանիք։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցիները Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից արդեն 2 օր է բարձրախոսներով պահանջում են լքել գյուղը։