Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով Խրամորթում լսվող ադրբեջանական սպառնալիքին, ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ ադրբեջանական կողմի քայլերի պատճառով կաթվածահար է Արցախի Խրամորթ գյուղի բնականոն կյանքը, մարդիկ դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, ինչը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։
Գեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք։ Նա նշել է, որ համայնքի բնակիչերի անվտանգության, նրանց ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։
Բնակչության ահաբեկումը հատուկ ծրագրված է՝ Բաքվի ուղիղ համակարգմամբ
«Համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում»,– գրել է Ստեփանյանը։
Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ հավաքված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու` ադրբեջանական հերթական գործողություններն իրականացվում են հատուկ պլանավորված եւ ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ՝ Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են։ Սա, ըստ Ստեփանյանի, կարող է փաստել այն, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցցանցերում տարածվում են 44-օրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալիքներով։
Պաշտպանը նշել է, որ համայնքում բնակվող 300 խաղաղ բնակիչների շրջանում 80 եւ ավելի նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաներ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբերի ներկայացուցիչներ։ Եվ սա, ըստ նրա, Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքների համար անպատիժ թողնելու եւ թողտվության մթնոլորտի հետեւանքն է։