Ըստ «Սպուտնիկ Բելառուս»-ի՝ փետրվարի 27-ին հանրաքվե է անցկացվում Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի ընդամենը մի հարցի. «Ընդունո՞ւմ եք Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններն ու լրացումները»։
Ստեղծվել է 5510 ընտրատեղամաս: ԿԸՀ-ի տվյալներով՝ հանրաքվեի մասնակիցների ցուցակում ընդգրկված է 6 միլին 818 հազար 948 մարդ:
Հանրաքվեի անցկացման ընթացքին հետեւում են շուրջ 45 հազար ազգային դիտորդներ, շուրջ 200 միջազգային եւ օտարերկրյա` ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից (Շանհայի համագործակցության կազմակերպություն ), ՀԱՊԿ-ի ԽՎ-ից, ԱՊՀ-ի երկրների ԿԸՀ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անկախ փորձագետներ, որոնց թվում՝ ԵՄ երկրներից:
Բելառուսի Սահմանադրության փոփոխությունների նախագծով՝ նույն անձը կարող է առավելագույնը երկու անգամ նախագահ լինել։ Առաջարկվող փոփոխություններով՝ հիմնական օրենքում կհայտնվի Համաբելառուսական Ժողովրդական ժողովի (ՀԺԺ) մասին բաժինը։ ՀԺԺ-ն կդառնա երկրում ժողովրդի իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կհաստատի ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերը, ռազմական դոկտրինը, երկրի ազգային անվտանգության հայեցակարգը: Ըստ նախագծի՝ նախագահին կարող է պաշտոնանկ անել Համաբելառուսական Ժողովրդական ժողովը Սահմանադրության պարբերաբար կամ կոպիտ խախտման կամ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման դեպքում։