ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Խարկովի մարզում Ուկրաինայի զինված ուժերի 302-րդ զենիթահրթիռային գունդը՝ զինված «Բուկ Մ-1» հակաօդային պաշտպանության համակարգերով, կամավոր վայր է դրել զենքերը եւ հանձնվել, 471 ուկրաինացի զինծառայող ձերբակալվել է: Նա ընդգծել է, որ ուկրաինացի բոլոր զինծառայողներին վերաբերվում են հարգանքով, օգնություն ցուցաբերում: Փաստաթղթային ձեւակերպումներից հետո նրանք կմիանան ընտանիքներին: Զենքերը վայր դրած ստորաբաժանումների դիրքերը չեն խոցվում։
Իգոր Կոնաշենկովը նշել է նաեւ, որ ՌԴ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ, որոնց թվում՝ կառավարման 23 կետ, 31 ՀՕՊ С-300 զենիթահրթիռային համալիր: Նա շեշտել է, որ Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին՝ օգտագործելով օդային եւ ծովային բազավորման թեւավոր հրթիռներ: Կոնաշենկովն ընդգծել է, որ ռուսական ուժերը չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին:
Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ ԴԺՀ-ի բանակը վերահսկողության տակ է վերցրել Պավլոպոլն ու Պիշչեւիկը, իսկ Տրյոխիզբյոնկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ԼԺՀ-ի վերահսկողության տակ: ԼԺՀ-ի զորքերը ՌԴ ԶՈՒ-ի կրակային աջակցությամբ վերահսկողություն են հաստատել նաեւ Նովոախտիրկի, Սմոլյանինովի, Ստանիչնո-Լուգանսկի բնակավայրերի նկատմամբ:
Կոնաշենկովը նշել է, որ ռուսական ստորաբաժանումները արգելափակել են Խերսոն եւ Բերդյանսկ քաղաքները, վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մոտ գտնվող Չեռնոբաեւկա օդանավակայանը: