2021 թվականին Երեւանի քաղաքապետարանի գործունեության արդյունքները կարծես թե հանրությանը չեն հետաքրքրում, քանի որ քաղաքի նախորդ տարվա բյուջեի ու զարգացման ծրագրով տարեկան գործողությունների հաշվետվության հանրային քննարկմանը մասնակցելու պատրաստակամություն հայտնել էր ընդամենը երեք քաղաքացի (այդ թվում՝ ես):
Սակայն սա չխոչընդոտեց, որ հանրային քննարկումը կայանա:
Այսպիսով՝ 2021-ին մայրաքաղաքի եկամուտները կազմել են 81,73 միլիարդ դրամ ծրագրված 85,8 միլիարդի փոխարեն. կատարողականը փաստորեն կազմել է 95,3%:
Ըստ քաղաքապետարանի ներկայացրած տեղեկության՝ հարկային եկամուտների ու տեղական տուրքերի հավաքումը հաշվետու տարում գերակատարվել է: Ընդ որում՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար տուրքերը գերակատարվել են 11%-ով, համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների ու ոչ հիմնական շինությունների շինարարության թույլտվության մասով՝ 63%-ով:
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա դրանք թերակատարվել են: Ծախսվել է ծրագրված գումարի 73%-ը միայն: Սրա առնչությամբ քաղհասարակության ներկայացուցիչների հարցին քաղաքապետարանի ֆինանսական բաժնի ներկայացուցիչները պատասխանեցին, որ դա ոչ թե թերակատարում է, այլ գնումների գործընթացով պայմանավորված խնայողություն: Որոշ դեպքերում էլ գործընթացների դանդաղման պատճառով ծախսերը կատարվել են այս տարվա հունվարին կամ կկատարվեն առաջիկայում:
Ծախսերի շուրջ 41%-ն ուղղվել է սոցիալական բնագավառին (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն), 33.7%-ը՝ տրանսպորտի բնագավառին, 13%-ը՝ շրջակա միջավայրի պահպանությանը:
Իրականացվել են բազմաբնակարան շենքերի բարեկարգման աշխատանքներ: Մասնավորապես նորոգվել են շենքերի շքամուտքերը, մուտքերում տեղադրվել են դռներ, փոխվել լուսամուտները, նորոգվել են վթարային պատշգամբները: Այս ուղղությամբ ընդհանուր ծախսը կազմել է 753,6 միլիոն դրամ: 363,0 միլիոն դրամ ծախսվել է հրատապ լուծում պահանջող ընթացիկ շինարարական աշխատանքների համար: Այս ուղղությամբ նախատեսված գումարից 174,7 միլիոն դրամ էլ ուղղվել է պատերազմի պատճառով Արցախից ժամանած քաղաքացիներին կրկին Արցախ տրանսպորտային փոխադրումներին:
Առողջապահության ոլորտում իրականացվել են մի քանի պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել ու քաղաքի ենթակայության առողջապահական կազմակերպություններին տրամադրվել բժշկական սարքավորումներ: 150 սոցիալապես անապահով բնակիչներ անվճար հետազոտություններ են անցել՝ ընդհանուր 7,7 միլիոն դրամ արժողությամբ:
Իրականացվել են զբոսաշրջային զարգացման աշխատանքներ, կազմակերպվել են տոնավաճառներ: Երեւան քաղաքին միջազգային վարկանիշ շնորհելու ծառայության համար ծախսվել է 9,7 միլիոն դրամ: Աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» ամերիկյան կորպորացիան, վերահաստատել է հանրային ֆինանսների բնագավառում Երեւան քաղաքի վարկանիշը՝ «B+» «Կայուն» կանխատեսմամբ: Այս վարկանիշը կարեւոր ցուցիչ է համարվում միջազգային վարկային կազմակերպությունների ու գործարարների համար։ Հիշեցնենք, որ կազմակերպության հետ Երեւանի քաղաքապետարանը հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր է կնքել 2016 թվականին:
168 միլիոն դրամ սուբսիդավորում է ստացել «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն՝ քաղաքապետարանի ծրագրային ապահովման ու ցանցային ղեկավարման համար:
Հաշվետվու տարում սպորտային գոտիների ու մարզասրահների կառուցման ու պահպանման տեսքով երեւանցիներին մատուցվել են 118,6 միլիոն դրամի ծառայություններ: Գրադարանային ու թանգարանային ծառայությունները կազմել են մոտ 900,0 միլիոն դրամ:
Հուշարձանների վերանորոգման ու պահպանման ծախսերն իրականացվել են ընդամենը 3,6%-ով: Երեւան քաղաքի հուշարձանները լվացվել են, պետական պահպանության ենթակա հուշարձանների ցանկում չընդգրկվածները՝ նորոգվել:
5 անգամ պակաս է եղել երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանության նպատակով ծախսը. երեխաներն ապահովվել են 3,2 միլիոն դրամի գրենական պիտույքներով:
Մոտ 44 միլիոն դրամ էլ հատկացվել է հասարակական կազմակերպություններին, բայց թե որ կազմակերպություններին ու ինչի համար, քաղաքապետարանի պատասխանատուները չկարողացան ասել, խորհուրդ տվեցին գրավոր դիմել: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ կան կազմակերպություններ, որոնք մշտապես համագործակցում են քաղաքապետարանի հետ, կրթական ու սոցիալական կարեւոր ծրագրեր են անում:
Շրջակա միջավայրի պաշտպանության ենթակառուցվածքների զարգացման ծրագրով նախատեսված ավելի քան 409 միլիոն դրամի փոխարեն ծախսվել է ընդամենը 6 միլիոն դրամ՝ կենդանիների վնասազերծման կենտրոնի ադմինիստրատիվ շենքի կառուցման համար:
Վերակառուցման եւ զարգացման եվրապական բանկի աջակցությամբ իրականացվող «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր»-ն ու Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երեւանի քաղաքային լուսավորության» դրամաշնորհային ծրագիրը եւս թերակատարվել են, քանի որ փաստացի ծախսը եղել է 61 միլիոն դրամ նախատեսված 674 միլիոնի փոխարեն:
Հանգստի գոտիների ու զբոսայգիների կառուցման ու պահպանման աշխատանքները կատարվել են 62%-ով: Ծախսերը կատարվել են Սիրահարների զբոսայգու պահպանման, Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի գազամատակարարման, Երեւանի 2800-ամյակի այգու ջրամատակարարման ծառայության համար, բարեկարգվել ու կառուցվել են մի քանի պուրակներ ու հանգստի գոտիներ, այգիներում տեղադրվել են ռետինե հատակներ, նստարաններ ու աղբամաններ, Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում էլ կառուցվել է թղթի ու գունավոր նյութերից պատրաստված թափոնների թափոնավայր:
6,8 միլիոն դրամ ծախսվել է Հրազդան գետի եւ Երեւանյան լճի բարեկարգման համար, մասնավորապես տարածքները մաքրվել են թափվող քարերից, իսկ Երեւանյան լիճը՝ աղբից:
38,6 միլիոն դրամ էլ ծախսվել է Գետառ ու Ողջաբերդ գետերը մաքրելու համար: Բնապահպանության բաժնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մարտից կմեկնարկեն գետահուների մաքրման այս տարվա աշխատանքները: Կոչ արեց երեւանցիներին աղբ չլցնել գետերի հուների մեջ, քանի որ դրանց մաքրումը բավականին ծանր ու ծախսատար աշխատանք է, որի իրականացումից մեկ ամիս անց պատկերը կրկին նույնն է լինում:
Քաղհասարակության ներկայացուցիչները քաղաքապետի տեղակալի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ ոլորտային հասարակական կազմակերպությունները Հրազդան գետի ու Երեւանյան լճի բարեկարգման ծրագրի մասին տեղեկացել են այն հաստատելուց հետո միայն: ԱլԳ քաղհասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ խումբը առաջարկություններ է ներկայացրել ու խնդրել համատեղ վերանայել այդ ծախսերը՝ դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու համար: Առաջարկը սակայն անտեսվել է:
Թեեւ քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդեցին, որ հավուր պատշաճի իրազեկում են ապահովել, այնուհանդերձ արձանագրվեց, որ հանրային սեկտորի հետ հաղորդակցության ու համագործակցության խզում կա: Համատեղ հանդիպում-քննարկում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Քաղհասարակության ներկայացուցիչներն առաջարկեցին վերաձեւավորել քաղաքապետին կից նախկինում գործող «Քաղաքաշինության, բնապահպանության ու տրանսպորտի հարցերով խորհուրդը» կամ ստեղծել բնապահպանական խորհուրդ, քանի որ ներկայումս գործող «Քաղաքաշինական խորհուրդն» անտեսում է շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցերը:
Փետրվարի 10-ից «Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագիծը հասանելի է եղել շահագրգիռ հանրությանը քաղաքապետարանի էջում: Այն առաջիկա օրերին կներկայացվի ավագանու քննարկմանը:
Քաղաքային իշխանության ներկայացուցիչները հավաստիացրին, որ հաջորդ տարվա գործունեության պլանավորման քննարկումներին հանրությունն առավել ակտիվ է մասնակցել: Իրենց հերթին, հաշվի առնելով բնակիչների բարձրաձայնած մտահոգությունները, ընթացիկ տարում մի շարք ոլորտներում նախատեսում են բարեփոխումներ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։