Այս մրցաշարի մասնակից մեքենաներից շատերը, որպես կանոն, վերջում տարհանվում են ավտոքարշակների օգնությամբ։ Թե որքան կվնասվի մեքենան, վարորդին այնքան էլ չի հուզում, կարեւորը սուր զգացողություններն են։ Լեռներ, լճեր, անտառներ, դժվարանցանելի ճանապարհներ, բնական ու արհեստածին խոչընդոտներ։ Ռելիեֆների եւ միմյանց դեմ պայքարն արդեն 14 տարի «4X4 off road» ակումբի շուրջն է համախմբում ամենագնացների սիրահարներին, որոնց թիվը Հայաստանում աստիճանաբար ավելանում է։
«4X4 off road» ակումբի կազմակերպած «X drive» ամենահայտնի մրցաշարը յոթ տարի անցկացվում է Իջեւանում։ Այն միջազգային ավտոմրցարշավ է։ Մասնակցության հայտ են ներկայացնում ավտոմրցարշավորդներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքիայից, Իրանից, այս տարի նաեւ Իրաքից էին եկել։ «Եթե Երեւանից 1000 կմ շառավղով դիտարկենք, ապա տարածաշրջանի ամենամեծ ավտոմրցարշավն է»,- ասում է «X drive» ավտոմոտոսպորտի դպրոցի հիմնադիր, 4×4 ակումբի հիմնադիր նախագահ Արտաշես Ստեփանյանը։
«Տարածքն ուսումնասիրելիս մտովի կարողանում ես գծել այն երթուղին, որը հետաքրքիր կդառնա մասնակիցների համար։ Զավեշտալին այն է, որ երբ հեշտ մրցուղի ես գծում, մասնակիցները դժգոհում են, այսինքն՝ ինչքան բարդ, այնքան ավելի հետաքրքիր է դառնում մրցույթը»: 4X4 ակումբի համանախագահ, «Limitless» ընկերության ղեկավար Ստեփան Ստեփանյանը պատմում է, որ հարթավայրային լանդշաֆտ ունեցող տարածքներում հատուկ տեխնիկաների միջոցով արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Դժվարանցանելի ճանապարհին մեքենաները պետք է հինգ պտույտ կատարեն, նվազագույն ժամանակում եւ նվազագույն տուգանային միավորներ վաստակած մասնակիցը հաղթող է ճանաչվում։
4X4 off road ակումբն ու X drive ավտոմոտոդպրոցը «Շիրակի ձմեռ 2022» փառատոնի շրջանակում էր ավտոմրցաշարը կազմակերպել, այս անգամ միայն տեղացիներն էին մասնակցում։ Մրցաշարը Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի տարածքում էր անցկացվում։
Մրցակցային երեք դաս ունի մրցաշարը, «Ստանդարտ» դասին մասնակցում են բոլոր այն ամենագնացները, որոնց անիվները չի գերազանցում գործարանային չափսը, արգելված են ագրեսիվ սպորտային կամ էլ գյուղնշանակության անվադողերը։ Արգելվում է նաեւ թափքի ձեւափոխությունը։
75-ամյա Սամվել Խաչատրյանը մրցաշարի ամենատարեց մասնակիցն է։ Բժշկական սարքավորումներ ներկրող, նորոգող «Meditech» ընկերության համահիմնադիրներից է։ «Առօրյայից, աշխատանքից ու հոգսերից փախչելու լավագույն ձեւն է շփումը բնության, այս դեպքում նաեւ իմ տարերքի՝ մեքենաների հետ։ Արշավական եմ եղել, երիտասարդ ժամանակ կովկասյան շատ գագաթներ եմ հաղթահարել, Էլբրուս եմ բարձրացել, այնպես որ սուր զգացողություններն ինձ համար խորթ չեն»,- ասում է Սամվել Խաչատրյանը։
Այստեղ խիստ են պահպանվում անվտանգության կանոնները, ամրագոտի, սաղավարտ կրելը պարտադիր է։ «Մեքենա վարելը միշտ էլ վտանգավոր է,- ասում է Սամվել Խաչատրյանը,- այստեղ վտանգը մի փոքր ավելին է, բայց դա էլ է հաճույք պատճառում։ Վտանգավոր ճանապարհները, ցեխերի մեջ թաթախվելը գերագույն վայելք են, մանկանում ես, ժամանակն էլ կանգ է առնում։ Ինձ հաճախ են ասում՝ «Տարիքիդ համահունչ ապրիր, «հալովդ» մնա», ես էլ ասում եմ՝ իմ «հալն» էլ սա է։
«Սպորտ» դասի պարագայում մասնակցում են բոլոր տեսակի ամենագնացները, որոնք պատրաստված են հատուկ մրցարշավերի կամ ծանր արտաճանապարհային պայմանների համար։ «Unlim»-ը վերջին փուլն է բոլոր տեսակի լիաքարշակ տրանսմիսիա եւ իջեցնող փոխանցում ունեցող ամենագնացների համար։
«Մեքենաները «Unlim» դասի համար հնարավորինս թեթեւացվում են ու ամրացվում։ Բարդագույն պայմաններով են անցնում ու պետք է դիմացկուն լինեն։ Որքան մեքենան թեթեւ է, այդքան քիչ է վնասվելու հավանականությունը ռելիեֆի բարդությունները հաղթահարելիս,- ասում է Ստեփան Ստեփանյանն ու ցույց տալիս իր մեքենան, որի գործարանային տեսքից քիչ բան է պահպանվել, մարդիկ, որպես կանոն, գործարանային մեքենաներով են սկսում մասնակցել, ժամանակի ընթացքում խանգարող դետալներն ինքնըստինքյան պոկվում ընկնում են»։
Այս մրցաշարերի մշտական մասնակից է Աբրահամ Աշղյանը, 4 տարի է՝ այս մարզաձեւով է զբաղվում. «Ամեն ինչ սկսվել է լեռնագնացությունից։ Քայլարշավի հաճախ էի գնում, հետո սկսեցի մեքենայով սարեր հաղթահարել, հասկացա, որ սա էլ է հաճույք պատճառում։ Ադրենալինի այն չափաբաժինը, որ ստանում ես, ոչ մի զգացողության հետ չես փոխի։ Նույնիսկ երբ մեքենան կոտրվում է, մնում դաշտում, միեւնույնն է, հաճելի է։ Սկզբում վախենում ես, զգուշանում, հետո արդեն միայն առաջ սլանալու մասին ես մտածում»։ Աբրահամը համոզված է՝ միայն մեքենա սիրելով հնարավոր չէ զբաղվել այս սպորտով։ Կարեւոր պայման է բնությունը սիրելը, բնության հետ համերաշխ լինելը։ Շամշադինում է ծառայել, տավուշյան լեռնաշխարհն է արթնացրել սերը դեպի բնություն, եւ հիմա Աբրահամը ոչ միայն փորձառու լեռնագնաց է, այլեւ արտաճանապարհային տուրիզմով է զբաղվում։
«4X4 off road» ակումբն այս տարի նշում է հիմնադրման 14–ամյակը։ «Մրցարշավներին զուգահեռ աճում է զբոսաշրջային այն ընկերությունների թիվը, որոնք հայքինգ, ջիփինգ տուրեր են մատուցում։ Որոշ ընկերություններ ձեւափոխում են արտաճանապարհային մեքենաները, ստեղծվել են ընկերություններ, որոնք ներմուծում են համապատասխան աքսեսուարները»: Ըստ ակումբի նախագահ Արտաշես Ստեփանյանի՝ ակումբը Հայաստանում արտաճանապարհային զբոսաշրջային արդյունաբերության հիմքն է դարձել։
Լուսանկարները՝ Արթուր Մանուչարյանի, Սեւակ Գրիգորյանի
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։