Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն հայտնել է, որ փետրվարի 27-ին Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների 82,86%-ը քվեարկել է Սահմանադրության փոփոխության օգտին։
Կարպենկոն ասել է, որ հանրաքվեի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտումների մասին դիտորդներից տեղեկություն չի ստացել։ «Գործընթացին հետեւել են 195 օտարերկրյա եւ 45 հազար 701 ազգային դիտորդներ»,- ասել է Բելառուսի ԿԸՀ ղեկավարը:
Հանրապետության ներքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ իրավապահները փետրվարի 27-ին մոտ 800 մարդու են ձերբակալել հասարակական կարգը խախտելու համար։
Հարուցվել են քրեական գործեր՝ քաղաքացիներին հասարակական կարգը խախտելու գործողությունների դրդելու, զանգվածային չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու փաստերով:
Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմից զերծ
Անկախ փորձագետներն ավելի վաղ ահազանգել են, որ Բելառուսում սահմանադրական փոփոխություններն ավելի են բարդացնելու երկրի պետական կառավարման համակարգը, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ չի ձեւավորվելու։
Սահմանադրության նոր նախագծով՝ նույն անձը Բելառուսի նախագահի պաշտոնում չի կարող մնալ երկու անգամ անընդմեջ։ Դրույթն ուժի մեջ է մտնելու 2025-ի նախագահական ընտրություններից հետո, ինչը Լուկաշենկոյին տեսական հնարավորություն կտա դրանից հետո եւս երկու անգամ առաջադրվելու։