Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ամերիկյան JPMorgan բանկի վերլուծաբանների կանխատեսումներով Ռուսաստանի տնտեսությունը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 20%-ի անկում կարձանագրի։ Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ ռուբլու արժեզրկումը ՌԴ-ում կկազմի 10%։
JPMorgan-ի վերլուծաբան Ջհանգիր Ազիզը գրել է, որ «եթե նոր պատժամիջոցներն իսկապես ներպետական մակարդակում առարկայական դառնան, ապա ռուսաստանյան տնտեսության վրա ազդեցությունն էական կլինի»։
Ըստ ամերիկյան Bloomberg-ի՝ դոլարի ու եվրոյի փոխարժեքները հասել են պատմական առավելագույնին։ Դրանք Forex շուկայում վաճառվում են համապատասխանաբար 113,5 եւ 127 ռուբլիով:
Փետրվարի 28-ին Մոսկվայի ժամանակով 7:05-ի դրությամբ՝ ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը 122,15 ռուբլի էր: Դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 107,68 ռուբլի։ Ավելի վաղ եվրոյի փոխարժեքը հասել էր 132,88 ռուբլու, եւ դա առավելագույն ցուցանիշն էր, իսկ դոլարը՝ 117,82 ռուբլու: Նշենք նաեւ, որ այս պահին մեկ ռուբլին 3,9 դրամ է։ Եվրոն ռուբլու նկատմամբ աճել է գրեթե 35%-ով, իսկ դոլարը՝ գրեթե 33%-ով:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Univer Capital ներդրումային խմբի վերլուծության վարչության ղեկավար Անդրեյ Վերնիկովը ասել էր, որ դոլարը կարող է հասնել 100-120 ռուբլու, բայց ԿԲ-ն կբարձրացնի առանցքային տոկոսադրույքը, ու մեկ շաբաթ անց այն կվերադառնա 85 ռուբլու: