Ըստ չինական Global Times-ի` SWIFT համակարգից ռուսական բանկերի անջատումը, փորձագետների կանխատեսմամբ, կարող է արագացնել դոլարով հաշվարկներից հրաժարվելու գործընթացը։
ԵՄ արտգործնախարարների վիրտուալ հանդիպումից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ նախարարները պայմանավորվել են մի շարք ռուսական բանկեր անջատել SWIFT համակարգից։ Կանադան, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան աջակցել են այդ քայլին։
Bocom International-ի կառավարիչ Խուն Խաոյի կարծիքով` քանի որ SWIFT համակարգը նախատեսված է նախեւառաջ դոլարային հաշվարկների համար, ապագայում էներգետիկայի ոլորտում ՌԴ-ի եւ Եվրոպայի գործարքները կարող են իրականացվել միայն այլընտրանքային արժույթով, ինչը դոլարային հեգեմոնիայի անկման սկիզբ կդառնա։
Փորձագետները կանխատեսում են, որ ռուսական բանկերի նկատմամբ աննախադեպ կոշտ պատժամիջոցը հազիվ թե Ռուսաստանի համար մահացու հարված լինի, քանի որ Մոսկվան երկար նախապատրաստվում էր այդ քայլին։ Մյուս պատճառն այն է, որ Արեւմուտքը մատակարարումներին առնչվող տնտեսական բազում շահեր ունի Ռուսաստանից։
Չինաստանի Սոցիալական գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Յան Ցզինի կարծիքով` SWIFT-ի արձագանքը նրան, որ անջատումը կանդրադառնա ոչ թե ՌԴ-ի բոլոր, այլ բանկերի մի մասի վրա, ապացուցում է, որ արեւմտյան երկրների համար համաշխարհային տնտեսությունից Ռուսաստանի տնտեսության լիարժեք բացառումը քիչ հավանական է եւ անիրագործելի։