Ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակած եվրոպական պետություններում գտնվող զբոսաշրջիկներին նախատեսվում է տուն վերադարձնել տարանցիկ ճանապարհով՝ երրորդ երկրների՝ Թուրքիայի, ԱՄԷ-ի ու Եգիպտոսի միջոցով։
Եվրամիության երկրների արտգործնախարարները Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության հետեւանքով ավելի վաղ հաստատել էին Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը՝ ռուսական ինքնաթիռներին արգելելով մտնել ԵՄ օդային տարածք:
Զբոսաշրջության ոլորտի ռուսական միության փոխնախագահ Դմիտրի Գորինը հայտնել է, որ դիտարկվում են երրորդ երկրների տարածքով տարանցիկ թռիչքներ, այդ թվում՝ Ստամբուլ, Դուբայ, Աբու Դաբի, Դոհա ու Կահիրե քաղաքներով, ինչպես նաեւ այլ բաց երկրների տարածքով։
Ըստ նրա՝ ավիահաղորդակցության փակման պատճառով տուրօպերատորներն այժմ «Ռոստուրիզմի» հետ լուծում են Բուդապեշտից, Բուլղարիայից եւ պորտուգալական Մադեյրայից ավելի քան 1000 զբոսաշրջիկի տեղափոխման հարցը: Դեռեւս ռուս զբոսաշրջիկներ կան Մեծ Բրիտանիայում, Սլովենիայում եւ Ավստրիայում:
Գորինը նշել է, որ միջազգային անկայուն իրավիճակի պատճառով ռուս զբոսաշրջիկներն անորոշության մեջ են։
Գորինը նշել է նաեւ, որ միջազգային ուղեւորությունների վրա զգալի ազդեցություն է թողնում նաեւ փոխարժեքի անկայունությունը, որը ռուբլով վերահաշվարկելու դեպքում հանգեցնում է ուղեգրերի թանկացման։
Միաժամանակ պաշտոնյան հիշեցրել է, որ ռուսաստանցիների համար բաց են մի քանի ուղղություններ` Թուրքիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մալդիվներն ու Թաիլանդը: