«Շիրակի ձմեռ» փառատոնն այս տարի նոր հասցեում էր համախմբել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանի մարզասերներին եւ արկածասեր հյուրերին։ Ավանդաբար Շիրակի ամենահյուսիսում՝ Աշոցքում անցկացվող տոնակատարությունն այս անգամ տեղափոխվել էր Ախուրյան խոշորացված համայնքի Մեծ Սարիար գյուղի անտառային հատված։
«Շիրակի ձմեռ 2022»-ը նախաձեռնել եւ իրականացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնը, աջակցել է Շիրակի մարզպետարանը։
Փառատոնի նախօրեից մարզում ջերմաստիճանի աննախադեպ բարձրացման պատճառով ձյունը հասցրել էր հալվել՝ նախատեսված որոշ խաղաձեւերի իրականացումն անհնարին դարձնելով։ Չնայած եղանակի բերած խոչընդոտներին՝ Մեծ Սարիարի անտառում հյուրերի եւ բարձր տրամադրության պակաս չեղավ։
«Թող «Շիրակի ձմեռ 2022» փառատոնը ճանապարհի ձմռան վատ եղանակն ու ազդարարի գարնան սկիզբը»,- միջոցառման սկզբում հայտարարեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Ներկաները հնարավորություն ունեցան մասնակցելու մշակութային, մարզական միջոցառումների ու մրցելույթների, երգ ու պարի։ Կից տաղավարներում համեղ ուտեստների ու խմիչքի պակաս նույնպես չեղավ։
Ամասիա համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կամո Սալնազարյանը 3 դահուկորդ սաների եւ բազմաթիվ ամասիացիների հետ վաղ առավոտից ուղեւորվել էր Մեծ Սարիար։ Սաները մրցավազքի են պատրաստվում, մանկավարժները՝ հաղթանակի։
Սալնազարյանը նախապես տարածքը զննել էր, տեսել, որ այնքան էլ ձյունառատ չէ, բայց ասում է՝ չեն ընկճվում, կարեւորը տրամադրությունն է։
Մինչ դահուկորդները կչափեին ուժերը, համեմատաբար ձյունառատ այլ տարածքներում մարդիկ մոտորասահնակ վարեցին, ձնագնդի ու այլ ձմեռային խաղեր խաղացին։
Տաղավարների մի շարք էլ նախատեսված էր շիրակցի պատանի ստեղծագործողների աշխատանքները ցուցադրելու համար։ Առաջին տաղավարում Եվրոպական միության աջակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հիմնած «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներն են ցուցադրված՝ թեւնոցներ, կտորից տոպրակներ, տիկնիկներ, էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված օճառներ։ Վաճառքից ստացած գումարը կներդնեն, որ նոր հումք ձեռք բերեն։
Հարեւանությամբ պատանի ծրագրավորողների նախագծած ռոբոտներն ու նորագույն սարքավորումներն են զարմացնում զբոսաշրջիկներին։
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Էդգար Մանուկյանը ներկայացնում է իր սաների աշխատանքները եւ վստահեցնում, որ աշխարհը դեռ շատ է լսելու տաղանդավոր հայ ծրագրավորողների նոր սերնդի մասին։
Անտառի մեկ այլ «սենյակում» համադամ ուտեստների բույրն էր տարածվել։ Պրաքսի Առաքելյանը ավանդական հայկական խոհանոցն է ներկայացնում՝ փոխինձ, կոմպոտ, ղափամա։
Երիտասարդ խոհարարը վստահեցնում է՝ ինչքան էլ դրսից նոր ուտեստներ ներկրվեն, միեւնույնն է, մեր հնամենի կերակրատեսակներն իրենց դիրքերը չեն զիջում։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին գոհ է միջոցառման արդյունքներից։ Ըստ նրա՝ ծրագիրը բազմաթիվ նպատակներ է հետապնդում։
«Այսօրվա փառատոնը զբոսաշրջության նոր հասցե բացահայտեց գյուղական բնակավայրերն ու էկոտուրիզմը նախընտրող զբոսաշրջիկների համար։ Միջոցառումը փոքր ու միջին բիզնեսի համար նոր հնարավորություններ ստեղծեց։ Ինչպես տեսնում եք, մեկ օրվա կտրվածքով աննախադեպ ծավալի վաճառք եղավ»,- ասաց Սոկուլսկին եւ վստահեցրեց, որ նոր համագործակցության եզրերն ավելի են ընդլայնվում հօգուտ Շիրակի մարզի։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։