ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, արձագանքելով Կիեւից հնչող հայտարարություններին, ասել է, որ այժմ հարկավոր է կենտրոնանալ գործնական խնդիրների լուծման, ոչ թե Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու հարցի վրա։
«Այսօր Ուկրաինայի անդամակցության հարցն օրակարգում չէ։ Անդամակցությունն այնպիսի գործընթաց է, որը տարիներ է տեւում։ Այսօր պետք է կենտրոնանանք առաջիկա ժամերի, ոչ թե առաջիկա տարիների խնդիրների վրա»,- նշել է Բորելը։
Վարչապետ Դենիս Շմիգալը փետրվարի 28-ին ավելի վաղ թվիթերյան գրառման մեջ հայտնել էր, որ Ուկրաինան հատուկ ընթացակարգով Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացրել։
«Ուկրաինացիները վաղուց են ապացուցել, որ եվրոպական հանրության անբաժան մասն են։ Եկել է այդ փաստը թղթի վրա ամրագրելու ժամանակը»,- նշել է ուկրաինական կառավարության ղեկավարը։
Ըստ Ուկրաինայի վարչապետի՝ Կիեւում հույս ունեն, որ Ուկրաինայի անդամակցության որոշումը անհապաղ կկայացվի։
Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի եւ վարչապետ Շմիգալի հետ ստորագրվել է նաեւ համատեղ դիմում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Կիեւի ակնկալիքներն իրատեսական են:
Ընթացակարգի համաձայն՝ ԵՄ-ին անդամակցության խնդրանքով դիմումը պետք է ուղարկվի Եվրախորհդի նախագահին: ԵՄ խորհուրդն այս պահին նախագահում է Ֆրանսիան:
Ուկրաինայի նախագահ Զելենսկու ստորագրած «հույժ պատմական դիմումի» մասին հայտնել էր նաեւ նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան: