Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նախագահ Էյն Ռյալը կոնվենցիայի բոլոր կողմերի արտգործնախարարներին հորդորել է «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների ընդունմանը հանրության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել պաշտպանելու ուկրաինացի բնապահպաններին:
Այն է, կոնվենցիայի 3-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, ապահովել, որ Ուկրաինայի շրջակա միջավայրի պաշտպանները պոտենցիալ բռնազավթված տարածքում հետապնդման չենթարկվեն:
Մասնավորապես, Համապատասխանության կոմիտեի նախագահը ոչ միայն Ուկրաինային սահմանակից կողմ երկրներին, այլեւ կոնվենցիայի բոլոր կողմերին խնդրել է հեշտացնել ուկրաինացի բնապահպանների ու նրանց ընտանիքների անվտանգ մուտքն ու նրանց անհապաղ ապաստան տրամադրել:
Համապատասխանության կոմիտեի նախագահի կոչը հաստատել է նաեւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան:
Տեղեկանք
Օրհուսի կոնվենցիա — ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` «Տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության եւ բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիության վերաբերյալ» կոնվենցիա։
Կոնվենցիան ստորագրել է 38 երկիր Դանիայի Օրհուս քաղաքում 1998-ի հունիսի 25-ին «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» եվրոպական երկրների շրջակա միջավայրի նախարարների 4-րդ խորհրդաժողովի գործընթացի շրջանակում։
3-րդ հոդվածի 8-րդ կետ
Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 8-րդ կետը պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ապահովի, որ կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրենց իրավունքներն իրականացնող անձինք իրենց գործունեության համար որեւէ ձեւով չենթարկվեն պատժի, հետապնդման կամ հալածանքի։

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։