Այսօր մարտի 1-ի արյունալի իրադարձությունների տարելիցն է: 14 տարի առաջ այս օրը լուսաբացին ոստիկանական ուժերը բռնությամբ դադարեցրին Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքները, ձերբակալեցին կեղծված նախագահական ընտրություններից հետո իրենց իրավունքների համար բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիներին ու ընդդիմության առանցքային դեմքերից շատերին: Ու քանի որ այդ բռնությունները հակառակ ազդեցությունն էին թողել մարդկանց վրա, հանրահավաքները չէին դադարել, այլ տեղափոխվել էին Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ գտնվող հրապարակ, արդեն երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվեց տասը ցուցարար:
Այս իրադարձություններից անցել է 14 տարի. ժամանակ, որ բավարար էր այս գործը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Մի բան, որն առ այսօր տեղի չի ունեցել, եւ ամենեւին սխալված չենք լինի, եթե ասենք՝ մարտի 1-ի էջն այդպես էլ չի փակվել:
Եթե փորձենք հետադարձ հայացք գցել մարտիմեկյան իրադարձություններին, ապա ստիպված ենք արձանագրել մի քանի ցավալի իրողություն:
Թվում էր՝ 2018-ի հեղափոխությունից հետո ստեղծվել էին բոլոր նախապայմանները՝ մարտիմեկյան ոճրագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար. այլեւս իշխանության չէին այն ուժերը, որոնք գործուն մասնակցություն էին ունեցել մարտիմեկյան սպանդին, եւ որոնց ձեռնտու էր կոծկել կատարվածը (ինչպես արել էին տասը տարի շարունակ):
Սակայն գործող իշխանությունը այդպես էլ ունակ չեղավ բացահայտելու այս հանցագործությունը եւ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին արած պնդման, թե «մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Հեղափոխությունից հետո վերսկսված քրեական գործը որոշ ժամանակ անց տեղափոխվեց քաղաքական հարթություն եւ ընթացավ բացառապես նախկին նախագահ Քոչարյանի հետ հակամարտության համատեքստում՝ այդպես հիմքեր ստեղծելով նրա քաղաքական վերակենդանացման (ապացույցը՝ Քոչարյանի ղեկավարած դաշինքի այսօր ԱԺ-ում 29-հոգանոց ներկայությունն է):
Չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ 2018-ի հեղափոխությունից որոշ ժամանակ անց՝ արդեն 2020-2021 թվականներին, մարտի 1-ի գործը պարզապես թաղվեց: Որոշ դրվագներով՝ նույնիսկ անվերադարձ: Վկան՝ ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի հայտնի որոշումն է, համաձայն որի՝ հակասահմանադրական ճանաչվեց քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մասին հոդվածը, որի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին: Այլ կերպ ասած՝ երկրի բարձրագույն դատարանի որոշմամբ կատարված արարքն այլեւս չի համարվում հանցագործություն:
Այնպես որ, արձանագրենք.
— Չեն բացահայտվել ու պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած բռնությունների կազմակերպիչներն ու իրականացնողները:
— Չեն բացահայտվել ու պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կազմակերպիչներն ու իրականացնողները:
— Առ այսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ցուցարարներին կրակելու հրաման տալու համար: Թեեւ ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալներից մեկին մեղադրանք էր առաջադրվել մարտի 1-ի զոհերից մեկին սպանելու համար, սակայն այս գործի ճակատագիրը անհայտ է, բացառված չէ՝ այդպես էլ նախաքննական մարմինը, հնարավորություն չունենալով ապացուցելու նրա մեղավորությունը, դադարեցրել է քրեական հետապնդումը:
— Չեն բացահայտվել մարտիմեկյան իրադարձություններից հետո արդարադատության համակարգում տեղի ունեցած ապօրինությունները՝ ակնհայտ շինծու քրեական գործեր, դատական համակարգի վրա ճնշումներ, արդարադատության իրականացման խոչընդոտներ, ապացույցների կեղծումներ եւ այլն: Համենայն դեպս, թեեւ ժամանակին հայտարարվեց այս դրվագով նախաքննության մասին, սակայն քրեական գործի այս դրվագի ճակատագիրն անհայտ է:
— Չնայած մոտ ութ տասնյակ մարդու նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումներին, բացառությամբ մի քանի դեպքի, այդպես էլ ամբողջական ծավալով չի իրականացվել նրանց արդարացման գործընթացը: 80 եւ ավելի դատապարտված անձանցից ընդամենը 14-ի գործով է դատախազության նախաձեռնությամբ բողոքարկվել: Մոտ 20 արդարացվածի մասով բողոքարկումն իրականացվել է Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավաբանական թիմի նախաձեռնությամբ:
Ու վերջապես, տեւական ժամանակ է՝ որեւէ լուր չկա քրեական գործի ընթացքից. կարճվե՞լ է այն, թե՞ կասեցվել, թե՞ ընթացքի մեջ է, քանի՞ մարդ է ընդգրկված որպես մեղադրյալ, եւ վերջապես՝ ո՞ր մարմինն է այժմ քննում այդ գործը՝ ՀՔԾ-ի՝ հակակոռուպցիոն կոմիտե դառնալուց հետո:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: