Ըստ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի համատեղ հայտարարության՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) եւ Ֆուտբոլային ասոցիացիաների Եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) դադարեցրել են ռուսական թիմերի եւ ակումբների մասնակցությունը բոլոր միջազգային մրցաշարերին։
Մարտի 24-ին Ռուսաստանի հավաքականը Մոսկվայում պետք է խաղար Լեհաստանի հավաքականի հետ փլեյ օֆֆի մրցաշարի կիսաեզրափակիչում՝ Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն Շվեդիայի ու Չեխիայի հավաքականները։ Մրցաշարի հաղթողը դուրս կգա աշխարհի առաջնություն, որը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։
Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի սրման պայմաններում ՈՒԵՖԱ-ի ղեկավար խորհրդի փետրվարի 25-ի արտակարգ նիստում որոշում է ընդունվել փոխել չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման վայրը։
ՈՒԵՖԱ-ի ղեկավարների խորհուրդն ավելի վաղ հայտարարել էր, որ պահանջելու է նաեւ՝ ՈՒԵՖԱ-ի մրցումներին մասնակցող Ռուսաստանի եւ Ուկրաինայի ակումբներն ու ազգային թիմերը իրենց տնային խաղերն անցկացնեն չեզոք երկրներում։