Ըստ «Ուկրինֆորմ»-ի՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հասկանում եւ աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու ցանկությանը, սակայն նշում է, որ այդ գործընթացը մի քանի ամսում տեղի չի ունենում:
«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, դա չի նշանակում, որ արթնացանք նոր աշխարհում: Անդամակցության գործընթացը մի քանի ամսվա ընթացքում չի լինում: Դա խոր եւ ինտենսիվ վերափոխման գործընթաց է»,- ասել է նա:
Գերմանիայի ԱԳ նախարարը նաեւ ավելացրել է, որ ԵՄ-ն միշտ եղել է տուն, որի դռները բաց են, իսկ Ուկրաինան եվրոպական տան մի մասն է:
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, նախօրեին արձագանքելով Կիեւից հնչող հայտարարություններին, ասել է, որ այժմ հարկավոր է կենտրոնանալ գործնական խնդիրների լուծման, ոչ թե Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու հարցի վրա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզմունք էր հայտնել, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Կիեւի ակնկալիքներն իրատեսական են: