Փետրվարի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել էր աշխատակազմի արտահերթ նիստ՝ քննարկելու Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության պայմաններում Թուրքիայի գործողությունները։ Նիստի ավարտին նախագահ Էրդողանն ու արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն լրագրողների հետ խոսել են Մոնտրոյի կոնվենցիայի ու նեղուցների փակման հարցի վերաբերյալ, հայտնում է Sabah պարբերականը։
Էրդողանն իր խոսքում նշել է, որ մինչ օրս Ուկրաինայից Թուրքիա եւ այլ երկրներ է անցել Թուրքիայի 5000 քաղաքացի․ «Իհարկե, մեր ազգային շահերի հաշվին զիջումների չենք գնալու, բայց նաեւ չենք անտեսելու տարածաշրջանային ու գլոբալ հավասարակշռությունը։ Դրա համար կրկին նշում ենք, որ չենք հրաժարվելու ո՛չ Ուկրաինայից, ո՛չ էլ Ռուսաստանից։ Իսկ Մոնտրոյի կոնվենցիան կօգտագործենք ճգնաժամի դեմն առնելու համար»։
Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն իր խոսքում նշել է, որ եթե Թուրքիան պատերազմող կողմ չէ, լիազորություն ունի թույլ չտալու պատերազմող կողմերի ռազմանավերի անցումը նեղուցներով։
«Եթե ռազմանավը վերադառնում է Սեւ ծովում տեղակայված իր ռազմաբազա, նեղուցով դրա անցումը խոչընդոտվել չի կարող։ Մենք Մոնտրոյի կոնվենցիայի պահանջները կատարում ենք։ Ափամերձ ու անգամ ոչ ափամերձ բոլոր երկրներին զգուշացրել ենք, որ նեղուցներով ռազմական նավեր չանցկացնեն։ Մոնտրոյի պահանջներին համապատասխան ենք գործել, սրանից հետո նույնպես դրանց շրջանակներում ենք գործելու։ Մինչ օրս նեղուցներով որեւէ ռազմանավի անցում կամ անցման պահանջ չի գրանցվել։ Մինչ օրս ռուսները մեզ անդադար հարցնում էին՝ Մոնտրոյի կոնվենցիան կիրառելու ենք, թե ոչ։ Մենք նրանց նույնպես փոխանցել ենք, որ կոնվենցիայի յուրաքանչյուր պահանջ նույնությամբ կատարելու ենք»,- ասել է Չավուշօղլուն։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը