Ամերիկյան National Public Radio (NPR) լրագրողը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵՄ-ում արգելափակվել են Ռուսաստանի կառավարության կողմից աջակցություն ստացող լրատվամիջոցների, այդ թվում՝ RT-ի եւ Sputnik-ի TikTok–յան հաշիվները։
«TikTok-ի խոսնակը NPR-ին հաստատել է, որ Ռուսաստանի կառավարության կողմից աջակցություն ստացող լրատվամիջոցների հաշիվները, ներառյալ RT-ն եւ Sputnik-ը, այժմ արգելափակված են ԵՄ-ի ողջ տարածքում»,– ընդգծել է լրագրողը։
Իսպանիայում եւ Գերմանիայում աշխատող «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցները հաստատել են, որ RT-ի եւ Sputnik-ի սոցցանցային էջերը այդ երկրներում չեն աշխատում։
Ամերիկյան Meta ընկերությունն իր հերթին ԵՄ-ում սահմանափակել է RT–ի եւ Sputnik-ի սոցցանցային էջերը։ Ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը հայտարարություն է արել Twitter-ում` նշելով, որ հաշվի առնելով ներկա իրավիճակի արտակարգ բնույթը` սահմանափակում են RT–ի եւ Sputnik–ի հաշիվները ԵՄ-ի տարածքում։