Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) ռուսաստանցի եւ բելառուսցի բռնցքամարտիկներին վարկանիշային աղյուսակներից հեռացնելու որոշում է ընդունել։ Միեւնույն ժամանակ աշխարհի կամ առանձին տարածաշրջանների գործող չեմպիոններն իրենց տիտղոսները կպահպանեն։
WBA-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ դա ժամանակավոր միջոց է եւ վերանայվելու է ամեն ամիս։ Կազմակերպությունը բռնցքամարտիկներին թույլ կտա մասնակցել մրցումներին, սակայն ՌԴ եւ Բելառուսի մարզիկները ռինգ դուրս կգան առանց դրոշների, չեն հնչի օրհներգը եւ ներկայացվող երկրի անվանումը։
Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան զգուշացրել է, որ տվյալ դրույթը խախտած փրոմոութերների կամ թիմերի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։ Սակայն WBA-ն իրավունք է վերապահում իր վարկանիշային աղյուսակից հեռացնելու այն բռնցքամարտիկներին, որոնք հրապարակավ աջակցում են Ուկրաինայում ռուսական զորքի ռազմական գործողությունների անցկացմանը։
Բռնցքամարտի չորս միջազգային կազմակերպություն` WBO-ն, IBF-ը, WBC-ն եւ WBA-ն, փետրվարի 28-ին հայտարարել էին, որ չեն ճանաչելու եւ հաստատելու Ռուսաստանում անցկացվող մրցումներն ու մենամարտերը։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) էլ սպորտային ֆեդերացիաներին խորհուրդ է տվել թույլ չտալ ռուսաստանցիներին եւ բելառուսցիներին մասնակցել միջազգային մրցումներին։