Մարտի 1-ին միջազգային եւ հայկական մամուլում քննարկման առարկա դարձավ Թուրքիայի՝ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների փակման մասին արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հայտարարությունը։
Միջազգային լրահոսներն ավելի մեղմ վերնագրեցին հայտարարությունը՝ նշելով, որ «Թուրքիան զգուշացնում է բոլոր պետություններին չանցկացնել ռազմական նավերը նեղուցներով»։ Հայկական մամուլում հանդիպեցին հստակ պնդումներ, որ «Թուրքիան վճռական է նեղուցները Ռուսաստանի դեմ փակելու հարցում», «Թուրքիան փակել է նեղուցները ռուսական ռազմանավերի համար» եւ այլն։
Իսկ ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն։ Մեջբերում․ «Եթե ռազմանավը վերադառնում է Սև ծովում տեղակայված իր ռազմաբազա, նեղուցով դրա անցումը խոչընդոտվել չի կարող։ Մենք Մոնտրոյի կոնվենցիայի պահանջները կատարում ենք։ Ափամերձ ու անգամ ոչ ափամերձ բոլոր երկրներին զգուշացրել ենք, որ նեղուցներով ռազմական նավեր չանցկացնեն։ Մոնտրոյի պահանջներին համապատասխան ենք գործել, սրանից հետո նույնպես դրանց շրջանակներում ենք գործելու։ Մինչ օրս նեղուցներով որեւէ ռազմանավի անցում կամ անցման պահանջ չի գրանցվել»։
Նախապատմություն
Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակման առաջին իսկ օրը Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը պահանջեց թուրքական իշխանություններից փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար։
Սրան ի պատասխան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն փետրվարի 25-ին հայտարարեց, որ Թուրքիան չի ցանկանում հակամարտող պետություններից որեւէ մեկի հետ հարաբերությունները փչացնել, կողմ է կոնֆլիկտի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը։
Նեղուցների փակման պահանջին հստակ պատասխան չտալով՝ Չավուշօղլուն իր խոսքում նշեց մի քանի հիմնական դրույթ․Թուրքիան շարունակելու է հավատարիմ մնալ 1936 թվականին կնքված Մոնտրոյի կոնվենցիայի դրույթներին։ Հիշեցրեց, որ կոնվենցիայում կա նաեւ նավերի՝ իրենց ռազմաբազաներ վերադառնալու իրավունքի մասին դրույթ, ու հավելեց․ «Այժմ մեր մասնագետներն աշխատում են՝ պարզելու, թե արդյոք կա հիմա պատերազմական վիճակ։ Եթե իրավական ճանապարհով ընդունենք, որ կա պատերազմ, գործընթացը կսկսվի»։
Հաջորդող օրերին Ուկրաինայի նախագահ Զելենսկին շնորհակալություն հայտնեց Թուրքիային նեղուցները ռուսական նավերի համար փակելու համար, ինչից ռուսական եւ թուրքական կողմերը տեղյակ չէին։ Սա, գուցե, պարզապես հիշեցում էր Զելենսկիի կողմից իր դաշնակից Թուրքիային արված խնդրանքի մասին։
Որո՞նք են Մոնտրոյի կոնվենցիայի՝ այդքան քննարկված հոդվածները
Հոդված 19 – Պատերազմի ժամանակ, եթե Թուրքիան պատերազմող կողմ չէ, ռազմական նավերը լիովին ազատ են նեղուցներով նավարկելու եւ անցնելու՝ նույն կոնվենցիայով սահմանված ընդհանուր դրույթներին համապատասխան։
Միեւնույն ժամանակ, պատերազմող ցանկացած պետության ռազմանավերը չեն կարող անցնել նեղուցներով, բացառությամբ մի շարք դեպքերի:
Չնայած վերոնշյալ պարբերության մեջ սահմանված ռազմանավերի անցման վերաբերյալ արգելքին՝ Սեւ ծովի առափնյա կամ ոչ առափնյա պատերազմող պետությունների ռազմանավերը, որոնք իրենց նավահանգիստներից դուրս են, իրավունք ունեն վերադառնալու իրենց մշտական տեղակայման վայրեր։ Պատերազմող երկրների ռազմանավերին արգելվում է նեղուցներում իրականացնել ցանկացած գրավման փորձ, հետախուզական աշխատանքներ եւ ցանկացած այլ տեսակի թշնամական գործողություններ։
Հոդված 20 – Պատերազմի ժամանակ, եթե Թուրքիան պատերազմող կողմ է, նեղուցներով ռազմանավերի նավարկության հարցերը կարգավորող ընդհանուր դրույթները չեն կիրառվում։ Նեղուցներով ռազմանավերի նավարկության հարցի կարգավորումն ամբողջությամբ թողնվում է Թուրքիայի հայեցողությանը։
Հոդված 21 – Եթե Թուրքիան գտնի, որ իր նկատմամբ առկա է պատերազմի անմիջական սպառնալիք, նա կարող է կիրառել կոնվենցիայի 20-րդ հոդվածի դրույթները։
Այն ռազմանավերը, որոնք նեղուցներով անցել են նախքան Թուրքիայի՝ վերոնշյալ լիազորության կիրառումը եւ համարում են, որ իրենք իրենց մշտական տեղակայման վայրերում չեն, իրավունք ունեն նեղուցներով վերադառնալու իրենց բազաներ։ Այնուհանդերձ, ընկալվում է, որ Թուրքիան կարող է մերժել այն պետության ռազմանավերի վերադարձը, որի գործողությունները հանգեցրել են Թուրքիայի նկատմամբ անմիջական սպառնալիքի առաջացմանը։
Եզրակացություն
Ի՞նչ հետեւություններ կարելի է անել Մոնտրոյի կոնվենցիայի վերոնշյալ հոդվածներից․ պատերազմական իրավիճակներում Թուրքիան լիազորված է իր հայեցողությամբ կարգավորել նեղուցների անցուդարձը, բայց չի կարող սահմանափակել իրենց ռազմաբազա վերադարձող ռազմանավերի անցումը (օրինակ, եթե ռուսական ռազմանավը Միջերկրական ծովից որոշի վերադառնալ Սեւ ծովում գտնվող ռուսական նավահանգիստ)։
Մեկ այլ ենթադրություն․ եթե Թուրքիան, լսելով Ուկրաինայի՝ ռուսական նավերի հոսքն արգելափակելու պահանջը, փակի նեղուցները միայն ռուսական նավերի համար, դա կնշանակի՞, որ Թուրքիան անմիջական պատերազմական վտանգ է տեսնում Ռուսաստանի կողմից։
Եվ վերջապես հարց․ վերադառնալով մարտի 1-ին Չավուշօղլուի հայտարարությանն ու մտքում ունենալով կոնվենցիայի հոդվածների առանցքային դրույթները՝ արդյո՞ք կարելի է փաստել, որ Թուրքիան փակեց նեղուցները Ռուսաստանի համար։