Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետ է կանչել Վրաստանում եւ Ղրղզստանում իր երկրի դեսպաններին։ Ուկրաինայի նախագահը դեսպանների հետկանչի պատճառ է համարել «պատժամիջոցների նկատմամբ ոչ բարոյական դիրքորոշումը»:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներին չի միանա:
«Մեր դիվանագետները հենց հիմա արդար եւ բացարձակապես անհրաժեշտ որոշումներ են իրագործում այն երկրների նկատմամբ, որոնք դրժել են իրենց ասածն ու միջազգային իրավունքը։ Խորհրդակցությունների համար անհապաղ հետ ենք կանչում Ղրղզստանի դեսպանին Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար»,– ասել է Զելենսկին։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել էր, որ Կիեւն է պատասխանատվություն կրում Մինսկի պայմանավորվածությունների խափանման համար, եւ աջակցություն էր հայտնել Դոնբասի խաղաղ բնակչությանն ուղղված ռուսական կողմի վճռական գործողություններին։