Ռուսաստանը բարձր ճշգրտության զենքով հարվածներ կհասցնի Ուկրաինայի ԶՈՒ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնին, ինչպես նաեւ Ուկրաինայի անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտներին։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը մոտալուտ հարվածները բացատրել է Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները կանխելու ցանկությամբ եւ վերահեռարձակման հանգույցների հարեւանությամբ բնակվող Կիեւի բնակիչներին կոչ արել լքելու իրենց տները:
Գեներալն ասել է, որ փետրվարի 24-ից հետո ավելացել են ՌԴ տարբեր պետական հաստատությունների վրա տեղեկատվական հարձակումները: Նա նշել է, որ անընդհատ զանգեր են կատարվում Ռուսաստանի քաղաքացիներին՝ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներով, ինչպես նաեւ դպրոցների, մանկապարտեզների, կայարանների, սոցիալական ենթակառուցվածքների այլ օբյեկտների ականապատման մասին տեղեկություններով։
«Ռուսաստանի վրա տեղեկատվական գրոհներն իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 72-րդ Գլխավոր կենտրոնի կողմից ՈՒԱԾ-ի կիբերհարձակումների ստորաբաժանումների հետ համատեղ` օգտագործելով Կիեւում գտնվող ապարատային–ծրագրային համալիրներն ու կապի օբյեկտները»,- շեշտել է Կոնաշենկովը:
Գեներալ Կոնաշենկովի հայտարարությունից ժամեր անց ռուսական ստորաբաժանումները հրթիռային հարված են հասցրել Կիեւի հեռուստաաշտարակին: