ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել է, որ Ադրբեջանում դեռեւս անօրինական կերպով պահվում են հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք, որոնց Բաքուն հրաժարվում է ազատ արձակել եւ վերադարձնել: ՀՀ արտգործնախարարը դա «միջազգային իրավունքի կոպիտ խախտում» է որակել։
Միրզոյանն ուշադրություն է հրավիրել նաեւ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետեւանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի եւ ոչնչացման ծրագրված գործողություններին։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորել է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ Հայաստանի ստանձնած առաջնորդությունը: