Ըստ ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա»-ի՝ Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է բանաձեւ, որի համաձայն` ԵՄ անդամ-երկրներին հանձնարարել է աշխատել Ուկրաինայի՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման բանաձեւի վրա: Բանաձեւին կողմ է քվեարկել 637 եվրապատգամավոր, դեմ է քվեարկել միայն 13-ը, 26-ը ձեռնպահ են մնացել:
Փաստաթուղթը դատապարտել է ՌԴ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի եւ պահանջել դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից: Միաժամանակ բանաձեւը ԵՄ պետական ինստիտուտներից պահանջել է աշխատել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի տրամադրման ուղղությամբ:
Եվրախորհրդարանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի տրամադրման ժամանակահատվածում որոշումներ ընդունելու լիազորությամբ օժտված չէ: Այդ որոշումները ԵՄ անդամ-պետությունների իրավասությանն են պատկանում:
Եվրախորհրդարանի ձայնը հանձնարարական է, եւ կազմակերպության դիրքորոշումն անփոփոխ է. տարիներ շարունակ հանձնարարում է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել եւ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները:
Եվրախորհրդարանի նախագահ Մեթսոլան ասել է, որ Եվրախորհրդարանն ընդունում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարը եւ կաշխատի այդ ուղղությամբ, որպեսզի Ուկրաինան ստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ:
Մարտի 1-ին Եվրամիությունը պաշտոնապես սկսել է դիտարկել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածու շնորհելու գործընթացը: