Ազատանցի Խդըրի զուռնայի ուրախ ձայնը բազմաթիվ անգամներ է ազդարարել` նոր ընտանիք է կազմավորվում։
Ոչ միայն եզդի, այլեւ հայ բազմաթիվ ընտանիքներում հարսանիք, կնունք ու ծնունդ առանց Խդըրի չեն անում։ Ազգությամբ եզդի 20-ամյա տղան մանկուց է երազել երաժիշտ դառնալ։ Սիրով է հաճախել ու գերազանցությամբ ավարտել իր ծննդավայրի՝ Շիրակի մարզի Ազատան համայնքի երաժշտական դպրոցի փողային գործիքների բաժինը։ «Հանրակրթական դպրոցում աչքի չի ընկել, բայց որ երաժշտության դասերից բացակայեր, անհնարին էր»,- ասում են Խդըրին դասավանդած ուսուցիչները։
Առաջին անգամ 6 տարեկանում է նվագել մեծ լսարանի` հարսանքավորի առաջ, ինչից հետո հրավերները հաջորդել են իրար։ Ազատանից Շիրակի մարզի այլ բնակավայրեր, այնուհետեւ հանրապետության ամբողջ տարածքում գործի պակաս երբեք չի ունեցել։
Բացի եզդիականից՝ Խդըրը նույն ոգեւորությամբ նվագում է հայկական ազգագրական երգեր, ասում է՝ եզդիականի ու հայկականի սահմանը վաղուց է իր համար անտեսանելի դարձել։
2020-ի հուլիսին Խդըրի զուռնան երկու տարով լռելուց առաջ հնչում է տիրոջ բանակ գնալու կապակցությամբ։ Խդըրն ինքն է նվագում իր բանակի խնջույքին, հնչեցնում «Հող իմ հայրենին» ու հրաժեշտ տալիս ամենահարազատներին՝ ծնողներին, քույր-եղբորն ու զուռնա-դուդուկին։
Խդըր Բրոյանը ժամկետային ծառայության է անցնում Արցախի Հանրապետության Ջաբրայիլի զորամասերից մեկում։ Ասում է՝ շատ հեշտ է ընտելանում ծառայությանը, օրերն անցնում էին առանց լուրջ դժվարությունների։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի չարագուշակ լուսադեմը Խդըրը երբեք չի մոռանում։ Տագնապով արթնացան, իմացան՝ պատերազմ է սկսվել։ Իր բաժին կռիվը եզդի տղան մղել է 16 օր ու գիշեր։ «Անբացատրելի ցավ է, ես հիմա էլ չեմ պատկերացնում՝ ինչպես էինք շարունակում ապրել ու կռվել, երբ աչքերիս առաջ մեկը մյուսի հետեւից զոհվում էին մեր ընկերները։ Այդքան ընկեր կորցնել ու դիմանա՞լ․․․»,- Խդըրը մի պահ լռում է։
Պատերազմի 16-րդ օրը տղան հայտնվում է թշնամու նշանառության կենտրոնում։ Կոնքազդրի հրազենային վիրավորում է ստանում։ Նա ուղիղ 4 օր հողի տակ կենաց-մահու կռիվ է տալիս։ «Գիտակցությունս տեղն էր, ամեն ինչ հիշում եմ։ Մտածում էի՝ եթե դուրս գամ, թշնամու ձեռքը կընկնեմ։ Երբ զգացի, որ արնաքամ եմ լինում եւ արդեն հաճախակի եմ ուշաթափվում, մի կերպ հավաքվեցի, դուրս եկա։ Բարեբախտաբար մերոնք գտան ինձ»,- հիշում է Խդըրը։
Խդըրի մայրը՝ տիկին Լամարան, պատմում է, թե ինչ անտանելի օրեր է ունեցել, ինչպես է մայրական սիրտը զգացել, որ որդին վտանգի մեջ է։ «Բոլորի զավակների համար էինք Աստված կանչում։ Թեեւ սիրտս վտանգը զգում էր, բայց գիտեի, որ Խդըրս կենդանի հետ է գալու»։ Վիրավորվելուց մի քանի ժամ առաջ է զանգել մորը, ասել, որ լավ է։ Ութ օր ոչ մի լուր չեն ունեցել։ 9-րդ օրը հնչել է բաղձալի զանգը։ «Հիվանդանոցից էր։ Ասացին՝ ձեր տղան ողջ է»,- հուզված պատմում է տիկին Լամարան։
Ստեփանակերտում Խդըրին վիրահատում են, հեռացնում գնդակը։ Այնուհետեւ տեղափոխում են Երեւան, որտեղ իրար են հաջորդում բազմաթիվ վիրահատությունները։ Վիճակը կայունանում է, բայց ինչպես բժիշկներն են հայտնում, Խդըրը ստիպված է լինելու ամեն տասնամյակը մեկ պառկել վիրահատական սեղանին. տղայի կոնքազդրի ոսկորը փոխարինված է արհեստականով։
«Մենք պայքարել ենք մեր ազգի, մեր հող ու ջրի համար, մենք այս հողի ծնունդն ենք։ Եթե պետք լինի, մի րոպե չեմ մտածի, կրկին ձեռքս կառնեմ զենքն ու կկանգնեմ սահմանին»,- վստահ ասում է Խդըրը։ Հարցին, թե ուրիշ երկրում տեսնո՞ւմ է իր ապագան, տղան շատ կտրուկ ու սպառիչ է պատասխանում․ «Սա՛ իմ երկիրն է»։
«Մեր էրեխեքի արյան գնով է պաշտպանվել այս հողը, այն մեզ համար նույնքան կարեւոր ու թանկ է, որքան ձեզ համար»,- տղային լրացնում է տիկին Լամարան։
Հաղթանդամ, մանկական բարի ժպիտով Խդըրը, անտեսելով ֆիզիկական ցավը, կրկին ձեռքն է վերցրել մոռացված զուռնան։ Ասում է՝ չընկճվե՛ք, մեզ նոր ընտանիքներ ու երեխաներ են պետք։ Ինքն էլ կրկին պատրաստ է զուռնայի ձայնով ազդարարելու՝ նոր ընտանիք է ձեւավորվում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։