Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա բախումներ է առաջացրել ոչ միայն Կիեւում եւ Խարկովում, այլեւ հայկական Ֆեյսբուքում: Ոմանք պաշտպանում են Ուկրաինային, մյուսները վերջիններիս մեղադրում են համարյա թե ապազգային ու հակահայ լինելու համար՝ հիշեցնելով Ուկրաինայում տեղադրված՝ Ադրբեջանին շնորհավորող պաստառները եւ ֆոսֆորական զենքը, որով այրում էին Ղարաբաղի անտառները, թեեւ այդպես էլ որեւէ տեղից որեւէ հավաստի հղում չեղավ, որ այդ զենքը հենց ուկրաինացիներն են վաճառել Ադրբեջանին:
Բախումներն ու փոխադարձ վիրավորանքը սրանով չեն ավարտվում, կողմերը իրար մեղադրում են հնարավոր բոլոր մեղքերի համար՝ իմպերիալիզմի ստրուկից մինչեւ Արեւմտյան քարոզչության լվացած ուղեղ:
Այս շիլաշփոթի ու վիրտուալ մարտերի պատճառն իրականում տարրական հասկացություններն իրար խառնելն է: Շատ վեճեր իրենք իրենցով կմարեն, եթե մարդիկ ըմբռնեն եւ արձանագրեն հիմքային մի քանի տարրեր եւ պարզ ճշմարտություններ:
Սկզբունքների դաշտ
Հայերի համար շատ կարեւոր է ազգային ինքնորոշման սկզբունքը: Եթե աշխարհի մեծ մասի համար տարածքային ամբողջականության սկզբունքը «սրբազան կովի» պես մի բան է, որը երբեք չի կարելի խախտել, ապա Հայաստանը միշտ ավելի կարեւորություն է տվել ազգային ինքնորոշման սկզբունքին հայտնի պատճառներով:
Եվ բնական է, որ մեզ մոտ կարող է որոշակի համակրանք լինել Դոնեցկի եւ Լուգանսկի անկախական ձգտումների [եթե դրանք իրական են] նկատմամբ, մանավանդ որ ինքնորոշման եւ նոր պետությունների ճանաչման ամեն մի նախադեպ ավելի է ամրապնդում Արցախի միջազգային ճանաչման գործընթացի դիրքերը:
Բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանի ռազմական հարձակումը Կիեւի վրա ազգային ինքնորոշման, ինքնիշխանության եւ անկախության կռիվ է դարձնում նաեւ Ուկրաինայի պայքարը Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը Ուկրաինային ասում է՝ դու չե՛ս կարող որոշել քո երկրի ապագան, դու չե՛ս կարող որոշել՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական ո՛ր բլոկում ես լինելու, մեծ հաշվով՝ չես կարող որոշել այն արժեքային համակարգը, որին ցանկանում ես մաս կազմել, եւ մերժում ստանալուց հետո ուղարկում է իր տանկերը Կիեւ ու ռմբակոծում ուկրաինական քաղաքները:
Սա ուկրաինացիների պայքարը դարձնում է ոչ պակաս «ազգային ինքնորոշում», քան դոնբասցիներինը եւ անգամ արցախցիներինը, եւ եթե դու համակրում կամ պաշտպանում ես ազգային ինքնորոշման, ազգային ինքնիշխանության սկզբունքները, չես կարող պաշտպանել դոնբասցիներին, բայց չպաշտպանել ուկրաինացիներին, եթե իհարկե երկակի ստանդարտների սիրահար չես:
Արժեքների տիրույթ
Հելսինկյան եզրափակիչ ակտն ունի 3 հիմնարար սկզբունք, որոնցից երկուսի՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման առաջնայնության շուրջ միշտ կարող ենք վիճել, բայց մի սկզբունքի հանդեպ երբեք չի կարելի հանդուրժել որեւէ վերապահում, եւ դա ուժի չկիրառման սկզբունքն է:
Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանին արդարացնողները կամ Ադրբեջանի տեսանկյունը հասկանալ փորձողները երբ մատնանշում էին այն փաստը, որ «դե Ադրբեջանը վերականգնում է միջազգայնորեն ճանաչված իր տարածքները», մեր կողմից հնչող հակափաստարկն այն էր, որ նույնիսկ եթե այդպես է, միեւնույնն է, ագրեսիայի դիմելը անօրինական է, հարցը կարող է լուծվել բացառապես դիվանագիտական ճանապարհով:
Պատերազմ հրահրողը մեղավոր է բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե ինչ ազդեցիկ կարգախոսներով է փաթեթավորել իր հարձակումը: Իսկ երբ խոսքը քաղաքների, բնակելի շենքերի, քաղաքացիական անձանց ռմբակոծությունների մասին է, ինչպես Արցախում էր, եւ ինչպես հիմա Ուկրաինայում է, ապա սա արդեն ոչ թե պարզապես անընդունելի ագրեսիա է, այլ պատերազմական հանցագործություն, որը ոչ մի ներում եւ արդարացում չի կարող ունենալ:
Չխեղաթյուրված արժեքներով մարդը երբեք չի կարող պաշտպանել հարցերը բռնությամբ եւ ագրեսիայով լուծելու եւ խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու երեւույթը՝ անկախ նրանից, թե դա կանի Ադրբեջանը Արցախում, ուկրաինական ուժերը Դոնբասում, թե Ռուսաստանն Ուկրաինայում:
Աշխարհաքաղաքական կոնտեքստ
Վերեւում նշված երկու սկզբունքների հանդեպ տրամագծորեն հակառակ մոտիվացիաներ ունենալը, Ռուսաստանից կախվածությունը Հայաստանին եւ Ուկրաինային տեղավորել են հակադիր քաղաքական բեւեռներում, պատճառ դարձրել միմյանց շահերի դեմ հայտարարությունների, քվեարկությունների եւ դիվանագիտական ակցիաների, բայց դրանից Ուկրաինան չի դարձել մեզ թշնամի երկիր:
Այդ ի՞նչ հիվանդագին մոլուցք է անընդհատ փորձել ավելացնել մեր թշնամիների ցանկը: Այսինքն՝ մեզ քի՞չ է Ադրբեջանը, քի՞չ է Թուրքիան, քի՞չ է նրանց սատարող Պակիստանը, ուզում ենք անպայման մի երկիր էլ ավելացնել մեր թշնամիների ցուցակին՝ փոխանակ փորձելու կրճատել եղածների թիվը:
Թշնամության բերվող պատճառն էլ շատ զավեշտալի պատրվակ է երեւում հատկապես այս կոնտեքստում՝ Ուկրաինան մեղադրվում է մի բանի համար, ինչով Ռուսաստանը տասնապատիկ գերազանցում է նրան։ Ընդամենը պետք է նայել Ադրբեջանին զենք վաճառող երկրների ցանկի պաշտոնական թվերը:
Եվ չպետք է մոռանալ, որ աշխարհաքաղաքականության մեջ մշտական բարեկամներ եւ թշնամիներ չկան:
Շատ հնարավոր է՝ հենց հիմա Կիեւի փողոցներում մոլոտովյան կոկտեյլով ռուսական տանկի առաջխաղացումը կանգնեցնող ուկրաինացի տղան կանխում է նոր չարիքի կայսրության վերականգնումը, որին բռնակցվելուն դիմադրելու ռեսուրս Հայաստանը կարող էր չունենալ Ուկրաինայի պարտվելու դեպքում:
Մարդկային գործոն
Վերջապես չպետք է մոռանալ, որ շահերը շահերով, պետությունների արտաքին քաղաքականությունները իրենց սկզբունքներով, մոտիվացիաներով, իրար հակադրվող եւ համադրվող շահերով, օգուտներով ու վնասներով՝ մի կողմ, բայց դու որպես մարդ, եթե ո՛չ ԱԳՆ-ի մամուլի խոսնակն ես, ո՛չ զինված ուժերի շտաբի պետը, առաջին հերթին պետք է մարդու աչքով նայես ու դատես կատարվողը։ Իսկ որպես մարդ տեղի ունեցողին նայելիս չես կարող չտեսնել, որ սովորական մարդիկ զոհվում են իրենց տներում, միլիոնավորները գիշերներն անցկացնում են մետրոյի կայարաններում, վախը սրտներում՝ ոտքով լքում են երկիրը եւ անտուն թափառում, ընտանիքներ են բաժանվում, երեխաներ են զոհվում մանկապարտեզներում, փլվող շենքերի տակ մարդիկ կորցնում են իրենց մարմնի մասերը, վերջապես ռուս եւ ուկրաինացի 18 տարեկան երեխա-զինվորները զոհվում կամ գերի են ընկնում, միլիոնավոր ռուսներ հայտնվելու են աղքատության եւ մեկուսացման մեջ, ընդամենը որովհետեւ մի հոգի տվել է այս անիմաստ, եղբայրասպան պատերազմի հրամանը:
Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է: