Բեմը ժամանակավոր լքելու իր որոշումը ռուս օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն բացատրել է հետեւյալ կերպ. «Հիմա ելույթ ունենալու եւ ստեղծագործելու պատեհ ժամանակ չէ, հուսով եմ, հանդիսատեսը կհասկանա ինձ»: Ավելի վաղ Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում սպասվող համերգի չեղարկման մասին հայտնել էին իտալական ԶԼՄ-ները՝ պատճառ բերելով երգչուհու հիվանդությունը, ինչն էլ օպերային երգչուհին շտապել էր հերքել՝ միաժամանակ հաստատելով, որ Միլան չի մեկնի:
Նետրեբկոյի պայմանագրի չեղարկման մասին հայտարարել է նաեւ Բավարիայի օպերային թատրոնի տնօրեն Սերժ Դորնին, նա նշել է, որ համագործակցության խզման պատճառը երգչուհու չեզոք վերաբերմունքն է Ռուսաստանի գործողությունների հանդեպ:
Նույն պատճառով Բավարիայի օպերային թատրոնը խզել է հարաբերությունները նաեւ ռուս անվանի դիրիժոր Վալերի Գերգիեւի հետ: Ավելի վաղ Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռեյթերը որոշում էր կայացրել նրան հեռացնել Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից։