Ըստ «Սպուտնիկ Բելառուսի»՝ Ուկրաինայի պատվիրակությունը դեռ չի ժամանել ռուսական կողմի հետ բանակցությունների վայր։ Չի բացառվում, որ ռուս-ուկրաինական բանակցություններն այսօր տեղի չունենան, սակայն շեշտվում է, որ խոսքը չեղարկման մասին չէ, դրանք պարզապես կտեղափոխվեն մի քանի օրով։
Պաշտոնական Կիեւն առայժմ չի հաստատել իր մասնակցությունը բանակցությունների երկրորդ փուլին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին CNN-ին եւ Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ բանակցություններից առաջ Ռուսաստանը պետք է դադարեցնի ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները։ Զելենսկին հայտարարությունն արել է Կիեւի բունկերում, որտեղից ղեկավարում է երկրի զինված ուժերը։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ բանակցություններում զգալի առաջընթաց չի լինի, քանի դեռ ռուսական ռազմական ուժերը հարվածներ են հասցնում ուկրաինական քաղաքներին։
«Անհրաժեշտ է գոնե դադարեցնել մարդկանց ռմբակոծումը, պարզապես դադարեցնել ռմբակոծությունները, այնուհետեւ նստել բանակցությունների սեղանի շուրջը»,- ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինական կողմը ԱՄՆ-ի հրահանգով ձգձգում է բանակցությունները
Այդուհանդերձ, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայր կժամանի չորեքշաբթի երեկոյան ժամերին եւ պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նոր հանդիպման վայրի մասին ճշտող հարցին ի պատասխան՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նախապես չի ասի։
Իր հերթին արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցությունների երկրորդ փուլին, սակայն ուկրաինական կողմը ԱՄՆ-ի հրահանգով ձգձգում է բանակցությունները եւ ժամանակ է շահում։