Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թվարկել է այն կարեւոր դրույթները, որոնց հետ հաշվի նստելու դեպքում հնարավոր կլինի թուլացնել ռուս-ուկրաինական լարվածությունը։
Ըստ Լավրովի՝ Արեւմուտքի երկրները հրաժարվել են Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորումը քննարկելուց։ Անդրադառնալով Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններին՝ ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ դրանք ուղղված են Ուկրաինայի զինաթափմանը եւ վստահեցրել, որ Մոսկվան Կիեւին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։
Լավրովը նշել է, որ ուկրաինացի ժողովուրդն ինքն է ընտրում երկրի իշխանությունը, բայց այդ ուժը պետք է ներկայացնի երկրում ապրող բոլոր ազգություններին։
Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Ղրիմի այս կամ այն կողմի պատկանելության հարցը քննարկման ենթակա չէ․ այն Ռուսաստանի կազմում է:
Լավրովը զգուշացրել է, որ եթե այս լարվածությունը վերածվի Երրորդ համաշխարհային պատերազմի, դա կլինի միջուկային եւ կործանարար պատերազմ:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ակնարկել է, որ Ռուսաստանը շատ ընկերներ ունի, եւ ոչ մի պատժամիջոց ի վիճակի չէ Ռուսաստանին մեկուսացնելու։
Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանում պատրաստ էին, որ Արեւմուտքը պատժամիջոցներ կկիրառի, բայց զարմացած են, որ այդ սահմանափակումները ազդեցին մարզիկների, մտավորականների, դերասանների, լրատվամիջոցների աշխատողների վրա։