Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչով դիմել է Իրանին՝ հորդորելով արագ քայլեր ձեռնարկել եւ համաձայնության գալ միջուկային գործարքը վերականգնելու հարցում:
«Ցանկանում ենք, որ Վիեննայում համաձայնություն ձեռք բերվի»,- հայտարարել է Գերմանիայի առաջնորդը՝ հավելելով, որ արդեն որոշում ընդունելու ժամանակն է, այլեւս չպետք է եւ չի կարող հետաձգվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Իրանի հետ միջուկային գործարքը միակողմանի խզելուց եւ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Թեհրանն ու 2015-ի համաձայնագիրը ստորագրած գերտերությունները ներկայում փորձում են վերակենդանացնել պայմանավորվածությունները։
Արեւմուտքը հույս ունի փաստաթղթի շնորհիվ հասնելու Իրանի միջուկային նկրտումների զգալի կրճատմանը։ 2021-ից Ավստրիայի մայրաքաղաքում բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել նոր համաձայնությունների հարցով, առայժմ, սակայն, ապարդյուն։