Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ն ռուսական կողմից տեղեկություն է ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքը վերահսկողության տակ վերցնելու մասին։
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առջեւ ունեցած ելույթում Գրոսին նշել է, որ Զապորոժիեի ատոմակայանի՝ Ուկրաինայի խոշորագույն ատոմային էլեկտրակայանի հարակից տարածքը կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ այնտեղ են գտնվում երկրի 15 գործող միջուկային էներգետիկական ռեակտորներից վեցը։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կարեւորել է նաեւ, որ զինված հակամարտությունն ու գործողությունները ոչ մի կերպ չընդհատեն Զապորոժիեի ԱԷԿ-ի եւ Ուկրաինայի ցանկացած այլ միջուկային օբյեկտի աշխատանքն ու վտանգի չենթարկեն այդ օբյեկտներում եւ հարակից տարածքներում աշխատող մարդկանց:
Գրոսին ընդգծել է, որ, չնայած զինված հակամարտության արտակարգ հանգամանքներին, ուկրաինական ատոմային էլեկտրակայաններն աշխատում են սովորական ռեժիմով:
Անդրադառնալով Չեռնոբիլի ԱԷԿ-ին՝ Գրոսին հայտարարել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել էլեկտրակայանի բոլոր օբյեկտները:
«Թեեւ սկզբում օբյեկտում ռադիացիայի բարձր մակարդակ էր արձանագրվել, հավանաբար ծանր ռազմական տեխնիկայի շարժման պատճառով, այդուհանդերձ, ՄԱԳԱՏԷ-ն գնահատել է, որ դա բնակչության համար վտանգավոր չէ»,- շեշտել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը: