Ռուսաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների մարզիկները Պեկինում կայանալիք պարալիմպիկ խաղերին կմասնակցեն չեզոք կարգավիճակով՝ պայմանավորված Ուկրաինայում ստեղծված իրավիճակով։ Այս մասին հայտնում է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի կայքը։
Ռուս եւ բելառուս մարզիկները հանդես են գալու կոմիտեի դրոշի ներքո, իսկ ստացած մրցանակները հաշվի չեն առնվի մեդալների պաշտոնական աղյուսակում։
Պեկինում պարալիմպիկ խաղերը կանցկացվեն մարտի 4-13-ը։
Ավելի վաղ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) ռուսաստանցի եւ բելառուսցի բռնցքամարտիկներին վարկանիշային աղյուսակներից հեռացնելու որոշում էր ընդունել։ Այդուհանդերձ, WBA-ն հայտնել է, որ աշխարհի կամ առանձին տարածաշրջանների գործող չեմպիոններն իրենց տիտղոսները կպահպանեն։
WBA-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ դա ժամանակավոր միջոց է եւ վերանայվելու է ամեն ամիս։ Կազմակերպությունը բռնցքամարտիկներին թույլ կտա մասնակցել մրցումներին, սակայն ՌԴ եւ Բելառուսի մարզիկները ռինգ դուրս կգան առանց դրոշների, չեն հնչի օրհներգը եւ ներկայացվող երկրի անվանումը։