ՌԴ Պետդումայի կոռուպցիայի դեմ պայքարի եւ անվտանգության կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարեւը հայտնել է, որ ՌԴ ԶՈՒ գործողությունների մասին ֆեյքերի համար մինչեւ 15 տարվա ազատազրկման մասին ուղղումները մտցվել են Պետդումա:
Պիսկարեւը նշել է, որ ՌԴ ԶՈՒ-ի մասին ֆեյքերի համար քրեական պատասխանատվությունը կներառվի ԱՄՆ-ի եւ այլ օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդելու միջոցների մասին նախագծում, որն արդեն Դումա առաջին ընթերցմամբ ընդունել է:
«Այսօր ստորագրվեցին ուղղումները, որոնք մտցվեցին օրենսդրության կոմիտե, որ քննարկվեն Պետական դումայի նստաշրջանում… Դա առանձին օրինագիծ չէ, դա փոփոխություն է օրինագծում, որն արդեն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է: Մենք փոփոխություններ մտցնելու հնարավորություն ունենք։ Հուսանք՝ այն հնարավորինս արագ կընդունվի»,- ասել է կոմիտեի ղեկավար Պիսկարեւը։
Ուղղումների համաձայն՝ առաջարկվում է «ֆեյքերի պատրաստման եւ տարածման համար սահամանել 3 տարվա ազատազրկում, եթե գործունեությունն իրականացվում է ծառայողական դիրքի օգտագործմամբ, խմբում կամ համացանցի միջոցով՝ 5-10 տարվա ազատազրկում, եթե տարածող անձը գիտի, որ տեղեկությունը սուտ է, եւ այն հանգեցրել է հասարակական վտանգավոր հետեւանքների՝ մինչեւ 15 տարվա ազատազրկում»: