Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) որոշում է ընդունել ռուսաստանցի եւ բելառուսցի մարզիկներին չթույլատրել մասնակցել Պեկինի մարտի 4-13-ն անցկացվելիք խաղերին:
Ըստ IPC-ի պաշտոնական կայքի՝ IPC-ն նախօրեին որոշում էր ընդունել, որ Ռուսաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների մարզիկները Պեկինում կայանալիք պարալիմպիկ խաղերին կմասնակցեն չեզոք կարգավիճակով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Նրանց ստացած մրցանակները հաշվի չէին առնվելու մեդալների պաշտոնական աղյուսակում։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) էլ փետրվարի 28-ին հորդորել էր մարզական ֆեդերացիաներին թույլ չտալ ռուսներին եւ բելառուսներին մասնակցել միջազգային մրցաշարերին։
Ռուսաստանցի եւ բելառուսցի բռնցքամարտիկներին վարկանիշային աղյուսակներից հեռացնելու որոշում էր ընդունել Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA)։
WBA-ն հայտնել է, որ բռնցքամարտիկներին թույլ կտա մասնակցել մրցումներին, սակայն ՌԴ-ի եւ Բելառուսի մարզիկները ռինգ դուրս կգան առանց դրոշների, չեն հնչի օրհներգը եւ ներկայացվող երկրի անվանումը։