Շիրակի մարզում բնակվում է ազգությամբ եզդի շուրջ 55 ընտանիք։ Եզդիական ամենամեծ համայնքը՝ մոտ 25 ընտանիք, ապրում է Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան բնակավայրում։ Առանց խնդիրների ապրում են հայերի հետ, աշխատում ու գործում հանուն հարազատ բնակավայրի զարգացման։
Այցելում ենք ազատանցի Թամոյաններին։ Ընտանիքի պապը 1950-ականների սկզբին Թալինից եկել, բնակություն է հաստատել Ազատանում․ հողերը բերրի էին, մարդիկ՝ հյուրնկալ։ Թենգիզ պապը կանչել է նաեւ հարազատներին ու վերջնականապես հաստատվել Ազատանում։ 7 երեխա է ունեցել, մեծացրել, ամուսնացրել, ինչպես թոռը՝ կրտսեր Թենգիզն է ասում՝ հասցրել իրենց նպատակներին։ Կրտսեր Թենգիզ Թամոյանը մեզ հետ զրույցում կես կատակ, կես լուրջ իր դժգոհությունն է հայտնում ծնողներից․ «Քիչ երեխա են ունեցել, ես ու քույրս ենք միայն»։
Տան մինուճարի՝ Թենգիզի երկրորդ կեսին՝ Զլֆինազին, հորեղբայրն է տեսել ու հավանել Ապարանի Միջնատուն գյուղում, ասել է՝ լավ աղջիկ կա, գնանք, ուզենք։ «Գնացինք, տեսանք, ջուր ուզեցինք։ Բերեց, խմեցինք, հավանեցինք, նշանը դրեցինք»,- կարճ, բայց բովանդակալից պատմում է Թենգիզը։
Եզդիական բոլոր ավանդույթներով մեծ հարսանիք են անում, հարսանեկան ծառը զարդարում։ Թենգիզն էլ վստահեցնում է, որ շատ մեղմ է վարվել նորահարսի հետ. «Խնձորով երեք անգամ հարվածեցի ըստ եզդիական ավանդույթի, բայց խնայեցի, շատ կամաց խփեցի»։ Որպեսզի իր արարքի մեղմությունն ավելի ակնառու լինի, Թենգիզը հորեղբոր տղայի հարսանիքից է դրվագ պատմում. «Այնպես էր խնձորով խփել հարսին, որ սինին պահող հորաքրոջս մատը դուրս էր թռել»։
Զույգը դեռ 3 երեխա ունի։ Ինչպես բոլոր ազատանցիները, այնպես էլ իրենք հող են մշակում, երբեմն արտագնա աշխատանքի մեկնում։ Թենգիզն ասում է՝ ինչքան էլ եզդիական տոներն ու ծեսերը պահում են, միեւնույնն է, հայկականն էլ է մտել իրենց կենցաղ։ Թեեւ իրենց տարեմուտը մարտին է, բայց դրանից ոչ պակաս ոգեւորությամբ տոնում են հունվարի 1-ը՝ ճոխ սեղաններով ու փոխայցելություններով։
Միակ ավանդույթը, որ շատ խիստ է դրված եւ ենթակա չէ խախտման, խառնամուսնությունների արգելքն է։ Ազգը պահելու եւ չձուլվելու հարց են լուծում դրանով։
Հրաժեշտից առաջ Թենգիզը եւս մեկ անգամ հարկ է համարում ասել, որ Ազատանում երբեւէ ազգային խտրականություն չեն զգացել։ Ինչպես ժամանակին ինքն ու քույրը, այնպես էլ այսօր իր երեխաները հաճախում են հանրակրթական, երաժշտական ու մարզական դպրոցներ, բայց արդեն մի քանի տարի է, ինչ եզդի երեխաները զրկված են մայրենի լեզուն սովորելու հնարավորությունից։
«2007 թվականից Ազատան հասարակական կազմակերպությունը «Բարեկամի ձեռք» խորագրով ծրագիր արեց եւ եզդիական համայնքի համար արտադպրոցական պարապմունքներ կազմակերպեց, որ իրենց լեզվով գրել ու կարդալ սովորեն,- պատմում է Ազատանի նախկին համայնքապետ Վարդան Իկիլիկյանը,- հասանք նրան, որ նախաձեռնությունը պետական աջակցություն ունեցավ։ Կրթության եւ գիտության նախարարությունը մի մասով իր վրա վերցրեց ուսուցիչների վարձատրությունը»։
«Բարեկամության ձեռքը» համագործակցում է նաեւ Եզդիների միության հետ, որն անվճար տրամադրում է եզդիերեն գրականություն։ Ուղիղ 11 տարի Ազատանի եւ Շիրակի մարզի եւս մի քանի դպրոցներում ծրագիրը գործում է՝ եզդի երեխաներին հնարավորություն տալով կարդալու ու գրելու մայրենիով։
Հուսիկ Ֆերոյանը Ազատանի եզդիերենի նախկին ուսուցիչն է, մասնագիտությամբ՝ գարեջրագործ։ 2007-2008 թվականներին գյուղի առաջին եզդիերենի ուսուցիչը Գոհար Քալաշյանն է եղել։
Ֆերոյանը պատմում է, որ 2008-2018 թվականները Ազատանի եզդի երեխաներին դասավանդելու պարտականությունն իրեն է փոխանցվել։ «Սկզբում շատ մեծ ոգեւորություն կար, դասարաններում սովորում էր մինչեւ 48 երեխա։ Շատերն արտագաղթեցին, ծնելիությունը նվազեց, երեխաները պակասեցին։ Վերջին տարիներին դասարանում սովորողների թիվը հասել էր 15-ի»։
Բայց որ եզդիերենի դասերը դադարեցվեին, Հուսիկ Ֆերոյանն անթույլատրելի է համարում․ «Մարդ պետք է իր մայրենիով գրի-կարդա: Եթե լեզուն մոռացար, էլ ի՞նչ ազգ»։ Ճիշտ է, ինքն արդեն վաստակած թոշակի է անցել, բայց երազում է, որ մի օր կրկին Ազատանում եւ եզդիաբնակ այլ համայնքներում կդասավանդվի մայրենի լեզուն։
«Պատրաստ էինք ծրագիրը շարունակելու, բայց 2018 թվականի գարնանից նախարարությունը դադարեցրեց»,- ասում է Վարդան Իկիլիկյանը եւ հավելում, որ խնդիր է նաեւ եզդիերեն դասավանդող ուսուցիչ գտնելը: Եթե գտնեին, կազմակերպության միջոցներով, թեկուզ դժվարությամբ կշարունակեին ծրագիրը։
Կա՞ արդյոք շարունակելու մտադրություն կամ այլ նման ծրագիր, կվերսկսվե՞ն եզդիերենի ընդհատված դասերը Ազատանում, Շիրակի մարզի կրթության վարչությունում պատասխան չունեն։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։