Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 63-ամյա բնակչուհի Վիկտորյա Թեւանյանը կյանքի ընթացքում 4 անգամ տեղահանվել է եւ 4 անգամ կորցրել է տունը: Ասում է` իր պատմությունը շատ տխուր ֆիլմի է նման, սակայն ամեն բառը ճշմարիտ է:
Վիկտորյան ծնվել ու մեծացել է Ադրբեջանի Միրբաշիրի շրջանի Բեգումսարով գյուղում: 88-ին ամբողջ ընտանիքն այնտեղից ստիպված հեռացել է Եվլախ, որտեղ էլ նա ամուսնացել է: Որոշ ժամանակ ապրելուց հետո Վիկտորյան արդեն ամուսնու եւ փոքր երեխաների հետ կրկին ստիպված է եղել հեռանալ, ու նրանք պատսպարվել են Այգեստան (Չայլու) գյուղում, սակայն այստեղ եւս ընտանիքը չի կարողացել հանգիստ գտնել:
1992-ին գյուղում սկսված ջարդերից ու հրկիզումից հետո ընտանիքը հեռացել է, եւ ճանապարհին` անտառում, երիտասարդ կինը ծննդաբերել է իր կրտսեր որդուն` Նարեկին: Դրանից հետո ընտանիքը երկու տարի ապրել է Չարենցավանում, ապա տեղափոխվել Լաչին։ 96-ին Վիկտորյայի ամուսինը մահացել է, եւ նա իր 7 երեխաներին միայնակ է մեծացրել:
27 տարի անց, երբ թվում էր, թե Վիկտորյան ու նրա զավակներն արմատներ էին գցել Բերձորում, տներ էին կառուցել, մեծացնում էին արդեն իրենց փոքրիկներին, սկսվեց 44-օրյա պատերազմը` հերթական անգամ կնոջն ու նրա ընտանիքը վտարելով սեփական օջախից:
Ընտանիքի 7 անդամները` 4 երեխաներն ու 3 կանայք, այժմ ապրում են Չարենցավանում` վարձով բնակարանում:
Տունը լքելիս Վիկտորյան հասցրել է վերցնել իր փաստաթղթերն ու ընտանիքի հին լուսանկարները:
26-ամյա Մարիամն այժմ տան միակ աշխատողն է: Բերձորում նա քաղաքի վարչակազմում էր աշխատում, այժմ զբաղվում է առցանց վաճառքով:
Միեւնույն ժամանակ առցանց եղանակով շարունակում է Բերձորի բնակիչներին օգնել գտնելու անհրաժեշտ փաստաթղթերը:
Մարիամը չի կարողանում ավելի լավ աշխատանք գտնել. «Մենք հիմա համարվում ենք հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողներ,
ՀՀ-ում երբ դիմում եմ աշխատանքի, համակարգով տեսնում են, որ ես գրանցված աշխատող եմ [Բերձորում] ու չեն ընդունում ինձ»:
Ընտանիքը հազիվ է կարողանում հոգալ իր կարիքները, բնակարանը շատ վատ վիճակում է. սանհանգույցը չի աշխատում,
ջրամատակարարում չկա, առաստաղից ջուր է կաթում, իսկ ավելի լավ պայմաններով տուն ընտանիքն իրեն թույլ տալ չի կարողանում:
Մարիամն ասում է՝ իր համար ամենացավալին այն է, որ բնակավայրը, որտեղ ինքը ծնվել, մեծացել եւ ամուսնու հետ տուն է կառուցել,
հանձնվել է եւ այլեւս հայկական չէ:
Վիկտորյա. «Լաչինում մեր տները սեփական մեծ տներ էին, այսքան տարի ես ու էրեխեքս քարը քարի վրա դրեցինք…
Ծանր կյանք ես ապրում, հետո մտածում ես, թե քեզնից հետո վերջապես էրեխեքին բան կմնա, ու մեկ էլ ամեն ինչից զրկվում ես…»:
Ընտանիքի դուստրերից Լուսինեն առողջական խնդիրներ ունի: Դեռ 7 տարեկանում նա ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից,
ինչի հետեւանքով գլխուղեղի վնասվածք է ստացել ու մինչ օրս անգործունակ է: Նրա դեղերը ստանալու համար մայրն ամեն անգամ մեկնում է Ստեփանակերտ:
Չնայած վարձով տան վատ պայմաններին եւ ապրուստի սուղ միջոցներին՝ ընտանիքը հույս ունի, որ իրենց խնդիրները որեւէ կերպ կլուծվեն:
Պատերազմի ժամանակ ընտանիքի բոլոր տղամարդիկ եղել են առաջնագծում, այժմ էլ շարունակում են մնալ Արցախում:
Դժբախտաբար, Վիկտորյայի փեսան` Սերգեյը, որ երեք երեխա ունի, զոհվել է:
Այն մասին, որ բերձորցիներն այլեւս չեն կարող վերադառնալ իրենց տները, ընտանիքին հայտնի է դարձել 2020-ի դեկտեմբերի 26-ին:
Վիկտորյան հիշում է` այդ օրը ամբողջ քաղաքը լաց էր լինում:
Կանայք պատմում են, որ երեխաները հաճախ են հիշում պատերազմի ու իրենց քաղաքի մասին,
սակայն նույնիսկ ամենակրտսերները զուսպ են ու շատ հարցեր չեն տալիս:
Մարիամ. «Հադրութի ու Շուշիի բնակիչներին հստակ ասում են` ձեր քաղաքներն էլ չկան, չեք կարող տուն վերադառնալ,
իսկ Լաչինի բնակիչներին փախստական չեն համարում անգամ մինչեւ հիմա»:
Մարիամ. «Մամայից փոքր ժամանակ շատ էի լսել իր կյանքի պատմությունը, որը կինո էր հիշեցնում:
Չէի պատկերացնում, որ ինքս իմ ընտանիքի հետ պետք է անցնեմ նույնի միջով»:
Վիկտորյա. «Երբ 2020 թվականի դեկտեմբերին պարզ դարձավ, որ մենք այլեւս չենք վերադառնալու մեր տները, տղաներիս ասեցի` վառեք:
Գնացին, եկան, արցունքներն աչքներին ասեցին` կներես, մամ, չկարողացանք մեր տունը վառել»:
Մարիամ. «Մեզ ո՛չ ասում են՝ հույսներդ կտրեք, ո՛չ հույս են տալիս: Երբ Արցախ ենք գնում, մեր տան մոտով ենք անցնում,
ամուսինս ասում է` գիտե՞ս, եթե անգամ մի փոքր հնարավորություն լինի վերադառնալու, ես մեր քանդված տունը մեկ ամսում կվերականգնեմ»:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։