Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինային եւ Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր, այդ հարցը դրված չէր եւ դրված չէ օրակարգում։
2008-ին Բուխարեստում անցկացված գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները հաստատել էին, որ Վրաստանը եւ Ուկրաինան իրավունք ունեն անդամակցելու դաշինքին` հետաձգելով հարցի լուծումն անորոշ ժամանակով։
Նախորդ տարվա հունիսին ՆԱՏՕ-ի առաջնորդները աջակցություն հայտնեցին դաշինքին միանալու երկու երկրների իրավունքին եւ հայտարարեցին բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն չնշեցին այս երկրների` Դաշինքին անդամակցելու ժամկետները։
Ուկրաինան, 2014-ի դեկտեմբերին հրաժարվելով արտադաշինքային կարգավիճակից, Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությունը։
Ընդլայնված հնարավորություններով ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ ունեցող Ուկրաինան ձգտում է լիարժեք անդամակցության։ Ռուսաստանը կտրականապես դեմ է դեպի արեւելք դաշինքի հետագա ընդլայնմանն ու հետխորհրդային երկրներում ռազմակայաններ ստեղծելուն։
Վաշինգտոնին եւ Բրյուսելին Մոսկվայի փոխանցած անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի գլխավոր պահանջն է։
Ռուսական կողմը պնդում է նաեւ, որ Արեւմուտքը հրաժարվի իր սահմանների մոտ հարվածային սպառազինություն տեղադրելուց եւ Արեւելյան Եվրոպայում հետ քաշի ՆԱՏՕ–ի ուժերը 1997 թվականի դիրքերին։