Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ)՝ Անկարայի ընդլայնված նահանգային խորհրդի նիստին, որի ընթացքում խոսել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի մասին, փոխանցում է Sabah օրաթերթը։
Անդրադառնալով Ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի՝ փետրվարի 28-ին արված հայտարարությանը՝ Էրդողանը նշել է, որ ընդդիմադիրները, խոսելով ԱԶԿ-ի ստեղծած ամեն ինչը վերացնելու մասին, ցանկանում են զարգացող ու հզոր տնտեսություն ունեցող պետությունը վերադարձնել նախկին վիճակին․
«Տեսնո՞ւմ եք Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ տեղի ունեցողը, տեսնո՞ւմ եք՝ ինչ վիճակի մեջ են հայտնվել։ Այս ամենից դաս քաղելով՝ պետք է մեր ճանապարհը շարունակենք։ Թուրքիայի առջեւ երկու ճանապարհ կա։ Կամ 20 տարվա աշխատանքի, ջանքերի ու զոհողությունների արդյունքում վերջապես Թուրքիան դարձնել աշխարհի ամենախոշոր տնտեսությունը, քաղաքականությունը, դիվանագիտական ու ռազմական հզորությունն ունեցող պետություններից մեկը, կա’մ վերադառնալ 90-ականների քաղաքական անկայունության, սոցիալական քաոսի ու տնտեսական անկման ժամանակներին»։
«Հիմա սրանք (ընդդիմադիր կուսակցություննրի դաշինքը) ֆիլմի պես ուզում են ժամանակը հետ տալ, վերադառնալ «հին ժամանակներին»։ Չկա նման բան։ Մեր ազգը թույլ չի տա ոչնչացնել այս տարիների ընթացքում տարածաշրջանային ու համաշխարհային հարթակներում ունեցած մեր խոսքի կշիռը, ժողովրդավարական կառավարման համակարգում մեր ձեռքբերումները»։
«Փետրվարի 28-ին իրենց ներկայացրած ծրագրում ոչինչ չկա այն մասին, թե ինչ են ուզում անել, ինչն ինչպես են անելու։ Ստեղծված դաշինքի ուղղությունն անգամ պարզ չէ։ Մինչև հիմա չեն կարողացել ներկայացնել 2023 թվականի նախագահի ընտրությունների իրենց թեկնածուին։ Իսկ ներկայացրած կառավարման համակարգն այնքան թափթփված է, որ նախագահական ընտրությունների մեթոդն անգամ չի սահմանում»,- ասել է Թուրքիայի նախագահը ընդդիմադիր կուսակցությունների վերաբերյալ։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը