ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ամերիկյան վարչակազմը համաձայն չէ Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը փակելու եւ Վաշինգտոնի ռուս ուսանողներին ԱՄՆ տարածքից վտարելու որոշ պաշտոնյաների կոչերին։
Միեւնույն ժամանակ Նուլանդը նշել է, որ Ռուսաստանը Վաշինգտոնում երկու անգամ ավելի շատ դիվանագետներ ունի, քան ԱՄՆ-ը՝ Մոսկվայում, եւ իրենք պետք է այն հավասարեցնեն:
«Ինչ վերաբերում է ռուս ուսանողներին, մենք նրանց դեմ ոչ մի քայլ չենք արել, եւ դեմ ենք դրան»,- վստահեցրել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը։ Նա հավելել է, որ ինքը պաշտպանում է ռուս ուսանողների համար ԱՄՆ դռները բաց պահելու քաղաքականությունը:
Ըստ փոխպետքարտուղարի՝ դա նպաստավոր կլինի այն առումով, որ ռուս երիտասարդները կհամոզվեն, որ սեփական երկրի իշխանությունները ԱՄՆ-ի հարցում իրենց մոլորեցնում են: Ըստ Վիկտորյա Նուլանդի՝ հատկանշական է, որ ինքը Մոսկվայում եւ Օդեսայում 1982-ին կրթություն է ստացել։