Թուրքիայի «Կանանց եւ ժողովրդավարության ասոցացիայի» ընդհանուր ժողովի նիստի ժամանակ նախագահ Էրդողանը խոսել է երկրում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում նոր կարգավորումների մասին, հայտնում է Milliyet պարբերականը։
«Իշխանության գալու առաջին իսկ օրվանից պայքարում ենք կանանց իրավունքների ոտնահարման դեմ։ Կարեւոր քայլեր ենք ձեռնարկել աղջիկ երեխաների կրթության ոլորտում։ Համալասարանում իգական սեռի ներկայացուցիչների թիվը մոտեցել է արդեն 51%-ի։ Մի շարք ոլորտներում կանանց ու տղամարդկանց բաշխվածությունն արդեն հավասար է։ Մենք շատ ենք կարեւորում աշխատող կանանց դերն ու ներդրումը մեր երկրի ապագայում»։
«Զուտ սեռով պայմանավորված բռնության կիրառումը ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել։ Մինչեւ նման դեպքերը չհասցնենք զրոյի, մեր առաքելությունն ավարտված չենք համարի։ Այս հարցի շուրջ Թուրքիայի արդարատադության նախարարությունը շարունակում է իր աշխատանքները։ Այսուհետ, եթե մեղադրյալի գործողություններում զղջման հստակ ապացույցներ չլինեն, ներում չի շնորհվի։ Միայն հագուկապը փոխելով, գլուխը խոնարհելով ու նման թատերական ներկայացումներով ներում չի տրվելու»։
Էրդողանը նշել է, որ, ըստ նոր կարգավորումների, եթե դիտավորյալ սպանության, մարմնական վիրավորում հասցնելու, տանջելու կամ ստորացնելու ու նման այլ հանցանքներն իրականացվեն կնոջ նկատմամբ, մեղադրյալի պատիժն ավելի է ծանրանալու։ Սպառնալու համար տրվող պատիժը 6 ամսից դառնալու է 9 ամիս։ Համառորեն հետապնդման դեպքում պատիժը նախկին 6 ամսվա փոխարեն դառնալու է 2 տարի։ Պարզեցվելու է նաեւ ձերբակալման գործընթացը, փոխանցում է պարբերականը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը