Ելցինի կառավարման տարիներին Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Անդրեյ Կոզիրեւը CNN-ի լրագրող Քրիստիան Ամանպուրին տված հարցազրույցում Ուկրաինայի պատերազմը «բարբարոսական գործողություն» է որակել:
«Ռուս երեխաները կհարցնեն իրենց ծնողներին՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ ենք մենք պաշտպանում, հանուն ինչի՞ է այս բարբարոսությունը»,- ասել է Կոզիրեւը:
Ըստ նախկին արտգործնախարարի՝ Պուտինը պատրանքների մեջ է: «Նա խենթ էլ չէ, անամոթ է: Նրան շոկային թերապիայի պետք է ենթարկել»:
Նախկին նախարարը տեղին է համարում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, քանի որ դրանք գուցե սթափեցնեն ու լեթարգիական քնից հանեն ռուս ժողովրդին: Այդուհանդերձ, պատժամիջոցների թիրախ ավելի շուտ պետք է լինեն պետական որոշումներ ընդունողներն ու գործադիր մարմինները, քան օլիգարխները:
Ռուսաստանում պետական ծառայողները չեն հանդգնի առարկել Պուտինին
Լավրովի առնչությամբ Կոզիրեւը նշել է, որ նախկինում նա եղել է իր տեղակալը, եւ նրան համարել է իր թիկունքը: Ըստ Կոզիրեւի՝ մինչդեռ հիմա, եթե Լավրովը հայտնվի իր թիկունքում, ինքը շատ զգույշ կլինի:
Միեւնույն ժամանակ Կոզիրեւը նշել է, որ Ռուսաստանը մյուս երկրների պես չէ. այստեղ պետական ծառայողները չեն հանդգնի առարկել Պուտինին:
Անդրադառնալով Զինված ուժերին՝ Անդրեյ Կոզիրեւն ասել է, որ ռուսական բանակն «իր պոտյոմկինյան զենքերով» անհամեմատ ավելի լավն է, քան ռուսական կոռումպացված կառավարման համակարգն ու լճացած տնտեսությունը:
Կոզիրեւը նշել է նաեւ, որ երբեւէ մտքով չէր անցնի, որ ռուսները դուրս կգան ուկրաինացիների դեմ: Նախկին արտգործնախարարի կարծիքով Արեւմուտքը պարտավոր է աջակցել Ուկրաինային:
Պատրաստեց Կարինե Դավոյանը