Մարզերում կրթության ու մշակույթի զարգացման գաղափարը ստեղծեց «Արշավասեր» ակումբը։ Հասմիկը, որ նաեւ «Դարակ» հրատարակչության նախագծերի մենեջերն է, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ակտիվ մասնակցում էր տարբեր կամավորական աշխատանքների, որոնք նույնպես ուղղված էին կրթությանն ու մշակույթին։
Կար նոր խոսք, նոր ասելիք, նոր ձեռագիր, որը, գիտեի, կնպաստեր մեր գյուղերի զարգացմանը եւ կգնար այն ուղղվածությամբ, որը ես եմ պատկերացնում, որը ես եմ ուզում։
Ամբողջ 2021-ը անցել է ծանր հոգեվիճակում․ հետպատերազմյան իրականություն, քովիդ, դրա հետեւանքները, ու ես այս տարին որոշեցի ավելի ուժեղ լինել ու ստեղծել «Արշավասեր»-ը։
«Արշավասեր» ակումբը կապ է գյուղացու եւ մշակույթի միջեւ։ Այս ակումբի շրջանակում արշավականները գնում են Հայաստանի գյուղեր, ծանոթանում տեղի մշակույթին, ավանդույթներին, ուտեստներին, կենցաղին։ «Արշավասեր»-ը հրավիրում է ժամանակակից գրողների, մշակութային գործիչների եւ կազմակերպում հանդիպում տեղի ակտիվ երիտասարդների հետ (եւ ոչ միայն)։
Գյուղերում մեզ սպասում են, գյուղերում մեր կարիքն, իսկապես, ունեն։ Կան շատ ակտիվ երիտասարդներ։ Լինում է, որ իրենք են մեզ փնտրում եւ գրում՝ իսկ մեզ մոտ ե՞րբ կգաք։ Գյուղերում երկու բեւեռներ են, ու այն մյուսին, որն ուզում է ինչ-որ բան փոխել, պետք է ձեռք մեկնել։
Տատիկները հավեսով հաց են թխում, ամեն ինչ ցույց են տալիս ու բացատրում։ Հետաքրքիր պատմություններ են պատմում։ Միշտ շատ հյուրընկալ են։ Միշտ առատաձեռն են։ Եվ ցանկացած այդպիսի այց իրենց համար թարմություն է։ Մեզ համար՝ նույնպես։
Նախ ասեմ, որ այս նախագծին առնչվող ցանկացած գործ անում եմ մարդկանց հետ, որոնք լավատեսորեն են տրամադրված։ Եթե նույնիսկ աշխատանքի համար շատ կարեւոր է, բայց այդ մարդուց դրական ոչինչ չեմ ստանում, ես նախընտրում եմ լրիվ այլ ճանապարհ գտնել դա անելու։ Հաջողելու համար դրական միջավայրը շատ կարեւոր է։
Իսկ ամենաոգեւորողը իմ արշավականների ու գյուղացիների արձագանքն է։ Դա ամենամեծ վարձատրությունն է։ Ես նորից ուզում եմ ավելի հետաքրքիր բան մտածել, որ ամեն անգամ feedback-ն ավելի լավը լինի։ Հետարձագանքը շատ կարեւոր է։
Մեծ մասամբ ինքս ինձ հետ մտորումներն են, որ ինչ-որ կետի են ինձ բերում։ Եվ էլի կարեւոր բան․ ինձ փորձում եմ շրջապատել այն էներգիայով, որը ես եմ կրում։
Կա՛մ Գյումրի, կա՛մ գյուղեր։ Հիմնականում նախընտրում եմ մենակ։ Հիմնականում ոչ մեկի հետ չեմ շփվում։ Գնում եմ արդեն ծանոթ գյուղ, որտեղ գիտեմ, որ կարող եմ մենակ մնալ։ Վայելում եմ իմ օրը։ Օրվա ավարտին կարող է կարճ հանդիպումներ ունենամ, որովհետեւ նեղանում են, որ այնտեղ եմ լինում ու չեմ ասում։ Բայց մինչ այդ՝ մաքուր օդ, կանաչ, բնություն։ Ես գտել եմ իմ էներգիայի աղբյուրը։
Արշավների ընթացքում դա համարյա չի լինում, որովհետեւ քամվում եմ։ Միշտ փորձում եմ ամեն ինչ անել իդեալական։ Ճիշտ է՝ շատերի կարծիքով դա լավ գիծ չէ, բայց եթե ես որոշել եմ ինչ-որ բան անել, պետք է լինի կատարյալ։
Չէ։ Որպես մարդ չեմ ձգտում կատարելության։ Ձգտում եմ այնտեղ, որտեղ այդ պահի Հասմիկը լավ է զգում, որը կա, որը չի կեղծվում։ Մարդը, ով ձգտում է կատարելության, սկսում է չվայելել այն ու, չվախենամ ասել, սկսում է կործանել ինքն իրեն։
Գյումրին ունի իմ հոգու բոլոր գույները։ Տրամադրության ու էմոցիայի հարց է։ Շատ եմ սիրում Գյումրին, նույնիսկ ավելի շատ, քան Երեւանը։ Ես այնտեղ լինում եմ խաղաղություն գտնելու համար, ինչպես արդեն ասացի։ Հիմնականում մենակ եմ գնում։ Վերցնում եմ պայուսակս ու վազում եմ այնտեղ։ Վայելում եմ քաղաքը ու խաղաղված վերադառնում։ Շատ կոլորիտային ու գունավոր քաղաք է։ Առհասարակ իմ խոսքի մեջ այնքան կարելի է հանդիպել գույն բառին։
Գյուղում կյանքն ինձ ասում է՝ վայելի՛ր։ Ասում է՝ վայելի՛ր այն պարզ ու անկեղծ միջավայրը, որտեղ դու բախտ ունես լինելու։ Ես սա քաղաքում չեմ գտնում։
Հա, այդպիսի բան ասել եմ։ Նման զգացողություն լինում է, որ քեզ թվում է՝ էլ չես դիմանում։ Դա այդ տարվա շղթայական նեգատիվ իրադարձությունների վերջին կետն էր։ Բայց իրականում միայն թվում է։ Համենայնդեպս, ես կարողանում եմ ժամանակին թույլ չտալ, որ այդ զգացումը փաթաթվի ինձ։ Երբ դա լինում է, խնդիրը չես կարողանում լուծել։ Այդ պատճառով ես շատ արագ սթափեցնում եմ ինձ ու անում ամեն բան, որ այդ փորձությունն ինձ չհաղթի։ Եթե վախենում ես իրենից, ինքը դառնում է ավելի մեծ ու կլանում քեզ։ Իսկ այս կյանքում ես ընտրել եմ ապրելը՝ կենդանի ապրելը։
Հետո, ես իմ կողքին պահում եմ այն ամենը, ինչը սիրում եմ։
Վահանը մեզ ասում էր, որ պիտի ապրենք։ Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերից է, Ադրբեջանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա։ Բայց այնքա՜ն խաղաղ, այնքա՜ն հանգիստ ու սիրուն կյանք կա այնտեղ, եւ դա ոչ այլ ինչ է, քան կոչ բոլորիս, որ ապրենք։
«Արշավասեր»-ը չի վերցնում տուրիստական հյութեղ ուղղություններ։ Դրանք բոլոր դեպքերում աշխատելու են։ Իսկ սա, ինչքան էլ հրաշալի է, առաջացնում է որոշ խնդիրներ։
Մենք շատ անելիք ունենք մարդկանց տեղ հասցնելու՝ ինչ է Վահանը, որտեղ է Վահանը, ինչի համար գնան Վահան։ Օրինակ՝ մեր հաջորդ ուղղությունը Դեբետն է, բայց շատերը չգիտեն այդ գյուղի մասին։ Շփոթում են Դեբեդ գետի հետ եւ հաճախ մեզ «ուղղում» են։
Բայց մենք ունենք հստակ ուղղվածություն եւ գաղափար։ Ժամանակակիցների հետ շփումը շատ կարեւոր է երեխաների համար։ Մենք միջնորդ ենք դպրոցների եւ մշակութային գործիչների միջեւ։ Իսկ գյուղերում, հատկապես երիտասարդների համար այդ հանդիպումները շատ մոտիվացնող են։ Բացի այդ՝ հետաքրքիր ծանոթություններ են ստեղծվում նաեւ մեր արշավականների հետ։ Նրանցից մեկը այժմ գյուղի երեխաներից մեկի հետ առցանց պարապում է։ Սա ինձ համար մեծ ձեռքբերում է։
Որոշել եմ, որ գյուղերից չենք շեղվելու։ Եթե ընթացքում «Արշավասեր»-ն այնքան մեծանա, որ ուրիշ ուղղություններ էլ վերցնենք, դա միանշանակ լինելու է զուգահեռ։ Մեկ ամսվա մեջ մեկ գյուղ գնալու սկզբունքին չենք դավաճանելու։ Եթե դավաճանեմ, ես հեռանալու եմ «Արշավասեր»-ից։ Իսկ «Արշավասեր»-ին կանչողն ու սնողը գյուղերն են։
Հայաստանում շատերը կարծում են, որ Ամերիկա պետք է բացահայտես, կամ երկնքից աստղեր իջեցնես, եթե ոչ, դու իրավունք չունես գոյություն ունենալու։
Ի՞նչ է գաղափարը։ Միտք, որը կարող են շատերն ունենալ։ Գաղափարն այսօր կարելի է վերցնել ցանկացած հարթակից։ Եթե Գուգլում լավ բիզնես գաղափարներ որոնենք, լիքը բան կգտնենք։ Բայց որպեսզի որեւէ նախագիծ, բիզնես հաջողես, այն իրագործող է պետք։
Գաղափարը կյանքի կոչողը մարդն է, որը պետք է տիրապետի այդ գաղափարին ու լինի այդ գաղափարը կրողը։ Հակառակ դեպքում ձախողելու է։
Խնդիր են նաեւ փոքր շուկան եւ հատկապես անառողջ մրցակցությունը։ Բայց նաեւ շատ ուզում եմ ասել, որ երբ ստեղծվել էր «Արշավասեր»-ը, երկու մրցունակ, տուրիստականների ներկայացուցիչներից շատ ջերմ շնորհավորանք էի ստացել։ Այնքան հաճելի էր։ Ինձ ասում էին՝ ո՞նց կարող ենք չուզել, որ ոլորտը զարգանա, մեկ ուրիշը նույնպես հաջողի։ Ա՛յ սա է առողջ մրցակցությունը։
Հասմիկն ունի մեղվի փեթակ հիշեցնող գրապահարան, որը սկիզբն է նրա հարուստ գրադարանի։
Հա։ Դրանք իմ սիրելի գրքերն են։ Մեկը Կունդերայի «Կեցության անտանելի թեթեւությունը» գիրքն է՝ իմ կյանքում շատ լուրջ փոփոխություններ բերած գործը։ Արդեն երեք անգամ կարդացել եմ։ Երեք անգամն էլ շատ տարբեր կերպ եմ հասկացել։ Բայց շարունակում եմ սիրել։
Մյուս գրքերը, որոնց շուրջը հավաքվում է իմ գրադարանը, սրանք են՝ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը», Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը», Ունամունոյի «Մառախուղ»-ը եւ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել»-ը։
Հետո զրույցը հետ գնաց նորից դեպի գյուղը եւ այնտեղի երիտասարդները, որոնք շատ են ուզում փոխել անշարժացած կյանքը, որոնք ունեն շատ էներգիա ու պատրաստ են զարգացնելու այն վայրը, որտեղ ապրում են եւ որը սիրում են։ Իսկ դրա համար պետք է լինեն ձեռքեր, որոնք ընդառաջ կգնան նրանց։ Ափսոս է կորցնել այսպիսի ներուժը, որը կարող է անգամ հիմնային բաներ փոխել մեր երկրում։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի