Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը այն հարցը չէ, որը պետք է այժմ բարձրացվի:
Կանցլերն ասել է, որ առաջնային խնդիրը պատերազմի հաղթահարումն է: «Այժմ պետք է մտածենք լարվածության սրումը կանխելուն ուղղված գործողությունների մասին։ Պետք է անել հնարավորը՝ Ուկրաինայի զարգացման հեռանկարները բարելավելու համար։
Շոլցը հայտարարել է նաեւ, որ Գերմանիան հրաժարվում է ռուսական գազից եւ սկսել է գազի գնումները՝ Ռուսաստանը շրջանցելով։ Նա ընդգծել է, որ Գերմանիան դեռեւս ստանում է ռուսական կապույտ վառելիք, նավթ ու ածուխ։ Մինչեւ 2035 թվականը երկիրը մտադիր է էլեկտրաէներգիայի բոլոր կարիքները բավարարել վերականգնվող աղբյուրների օգնությամբ։
Գերմանիան կասեցրել է նաեւ «Հյուսիսային հոսք 2» ռուսական գազատարի հավաստագրումը: Ի պատասխան Շոլցի հայտարարության՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նախագծի հավաստագրման կասեցումը սպառնում է վնասել Մոսկվայի եւ Բեռլինի հարաբերությունները։ Ըստ Զախարովայի՝ նախագծի սառեցումն ի վերջո հանգեցնելու է Եվրոպայում գազի գնի աճի։